Ուսումնական տարին մոտենում է ավարտին, և դպրոցականներ ունեցող մայրիկները համարյա իրենց երեխաների չափ անհամբեր սպասում են ամառային արձակուրդին։ Իրենք էլ ճիշտ նույնքան կարիք ունեն հանգստանալու երեխաների դպրոցական առօրյայից։
Այլ է պատկերը այն ընտանիքներում, որտեղ երեխան հաջորդ ուսումնական տարին սկսելու է արդեն որպես դպրոցական՝ առաջինդասարանցի։ Այսպիսի ընտանիքներում հիմա՛ արդեն նախապատրաստվում են դպրոցին։
Երեխային ինչպե՞ս նախապատրաստել դպրոցին, և ի՞նչ կարևոր գործեր կան ծնողների համար այս փուլում` դպրոցի ընտրությունից սկսած մինչև երեխայի ներաշխարհում խմբագրումներ։
Մեր հյուրի՝ «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի կլինիկական հոգեբան Էմմա Արզիևայի հետ քննարկում ենք այս թեման։
Է․ Արզիևա–Մինչև դպրոցի ընտրության պահը հասունանալը մենք, որպես ծնող, պետք է հասկանանք, թե որքանով է մեր բալիկը պատրաստ դպրոց գնալուն, ու դա բացարձակ կապ չունի գրել– կարդալ կամ երկրների մայրաքաղաքներն իմանալու հետ։ Երեխան կարող է ընդհանրապես ոչ մի տառ գրել չիմանալ, ոչ մի պետության մայրաքաղաք չիմանալ, բայց պատրաստ լինել դպրոցին, և հակառակը՝ երեխան և՛ գրել գիտի, և՛ կարդալ, և՛ օտար լեզուներ, բայց պատրաստ չէ դպրոցին։ Որո՞նք են այն ինդիկատորները, որոնք կհուշեն, կօգնեն հասկանալ՝ երեխան պատրա՞ստ է դպրոցին, թե՞ ոչ։
Սկսենք նրանից, որ մինչև դպրոց գնալը, այսինքն՝ նախադպրոցական տարիքում, առաջատար գործունեությունը դեռևս խաղայինն է․ երեխան խաղի միջոցով է բացահայտում իր համար կարևոր կամ իր ուշադրությանն արժանացած օբյեկտներն ու երևույթները։ Դպրոց գնալուն զուգընթաց առաջատար գործունեությունն արդեն դառնում է ուսումնականը, ճիշտ է՝ էլի համեմված խաղային պրոցեսներով, բայց երեխան պետք է մասամբ պատրաստ լինի ուսումնական գործունեությանը, մոտավոր պատկերացում կազմի, թե ինչ է իրենից ակնկալվելու դպրոցում, որովհետև դպրոց գնալը սեպտեմբերի 1–ի տոնը չէ, փուչիկները, ծաղիկներն ու շնորհավորանքները չեն, դա նաև որոշակի կամածին պատրաստվածություն է երեխայից ենթադրում։ Օրինակ, կան երեխաներ, որոնք չեն կարողանում նույնիսկ 5 րոպե իրենց կամածին ուշադրությունը լարել ինչ–որ երևույթի վրա։Ենթադրենք, գնացել ենք տիկնիկային թատրոն կամ ինչ–որ մի տեղ, որտեղ պետք է նստել, թեկուզ կարճ ժամանակահատվածով, բայց պետք է նստել այնպես, ինչպես բոլորը։ Կան երեխաներ, ովքեր դժվարանում են դա անել։ Սա առաջին ինդիկատորն է, որ երեխան այդ պատրաստվածությունը,հնարավոր է, չունի։ Եվ խոսքը հետաքրքիր կամ անհետաքրքիրի մասին չէ։ Այո՛, կարող է անհետաքրքիր լինել երեխային, բայց անգամ այդ դեպքում երեխան կարողանում է կամածին կերպով նստել։
Երկրորդ հերթին շատ կարևոր է հասկանալ, թե որքանով է երեխան հետևում կանոններին՝համընդհանուր կանոններին, օրինակ՝ խաղի կանոններին, որոնց հետևում է իր ընկերը, կամ այն բոլոր կանոններին, որոնց հետևում են բոլորը՝ մաման, պապան, հարևանը։ Կան երեխաներ, որոնք այդ համընդհանուր կանոններից լիովին դուրս են, իսկ «կանոն» ասվածը ենթադրում է ինչ–ինչ սահմանափակում։
Պետք է երեխայի համագործակցելու, պրոցեսի մեջ մտնելու հմտությունը զարգացնել, որովհետև երբ երեխան գնում է դպրոց, իր սոցիալական «եսն» է զարգանում։ Երեխան պետք է լինի սոցիալապես ադապտացված, և եթե նա մերժում է, ժխտում է շրջապատող աշխարհի կանոնները՝ անընդհատ ասելով՝ «ես սա չեմ ուզում», «այսպես չեմ անելու», «չեմ ուզում նստել», մենք միանշանակ կունենանք խնդիրներ։
Շարունակությունը՝ զրույցի մեջ: