Սիրելի ունկնդիրներ, միասին դիմավորում ենք մայիսի 21-ը։ Օրացույցը, այս անգամ, մեզ հիշեցնում է, որ աշխարհի շատ երկրներում այսօր նշվում է Տիզերքի միջազգային օրը։
Ի դեպ՝ մայիսի 21-ին են նշվում են նաև Մշակութային բազմազանության, Ասեղնագործության համաշխարհային օրերն ու Թեյի միջազգային օրը։
Դե, իսկ դուք չմոռանաք մեկ բաժակ տաք թեյի մասին, հանգիստ վայելեք այն, քանի որ առաջիկա տասը րոպեներին միասին ծանոթանալու ենք տիեզերքի ամենահետաքրքիր ու առեղծվածային փաստերի հետ։
Ամբողջ աշխարհում մայիսի 21-ը նշվում է որպես Տիեզերքի միջազգային օր: Դե, սա, ոչ միայն տիեզերագնացների ու գիտնականների, այլ նաև՝ տիեզերքի ու տիեզերական առեղծվածների սիրահարների տոնն է։
Այն սահմանվել է 20-րդ դարի վերջին։ Ամերիկացի տիեզերագնաց Էնդրյու Թոմասը, որն այն ժամանակ գտնվում էր ռուսական «Միր» տիեզերակայանում, առաջարկել է նշանակալից օր սահմանել՝ կարևորել տիեզերքը, նրանում տեղի ունեցող անոմալիաներն ու առեղծվածները, ինչպես նաև՝ տիեզերագնացների ձեռքբերումները:
Չենք կարող խոսել տիեզերքի մասին ու չանդրադառնալ մի քանի տպավորիչ փաստերի։
Այսպիսով, գուցե քչերին է հայտնի, բայց Մերկուրի մոլորակը պոչ ունի։ Մոլորակն ունի նատրիումի ատոմների հետքեր, որոնք մոլորակի մակերևույթից դուրս են մղվում արևային քամու հետևանքով: Սա տեսնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ անհրաժեշտ է հատուկ ֆիլտրի միջոցով աստղադիտակի վրա էքսպոզիցիոն լուսանկար անել։
Դե պոչավոր գիսաստղերի մասին հավանաբար շատերս ենք լսել կամ կարդացել ենք աստղաֆիզիկայի գրքերում, բայց ո՞վ կմտածեր, որ մոլորակը, իսկ այս դեպքում՝ Մերկուրին, ևս պոչ ունի։
Հիմա մի այլ առեղծվածի մասին․ ասում են, որ կա մի մոլորակ, որը, ենթադրաբար, ադամանդներից է կառուցված։ Էկզոմոլորակը գտնվում է մեզնից մոտ 40 լուսատարի հեռավորության վրա։ Դե գուցե հաճելի է հնչում, բայց չենք կարծում, թե որևէ մեկը կցանկանա գնալ այնտեղ։ Ինչո՞ւ․․․ որովհետև 2400°C ջերմաստիճանում հիդրոցիանաթթու շնչելը, պարզապես, անհնար է։
Գիտնականները ենթադրում են, որ մոլորակն առաջացել է ածխածնի և թթվածնի բարձր հարաբերակցությամբ աստղից և, հետևաբար, հարուստ է ածխածնով։ Դե ադամանդը ածխածնի ամուր ձևն է: Հետազոտողների թիմը կարծում է, որ ադամանդները կարող են կազմել մոլորակի զանգվածի առնվազն մեկ երրորդը։ Սակայն տեսությունը հաստատելու համար դեռևս անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:
Իսկ գիտեի՞ք, որ Սատուրնի վրա՝ հյուսիսային բևեռում, վեցանկյուն փոթորիկ է մոլեգնում։ Պարզվել է, որ փոթորիկը ունի մոտ 300 կմ բարձրություն, 29․000 կմ լայնություն և կարող է կազմված լինել մոտ 320 կմ/ժ արագությամբ շարժվող մթնոլորտային գազերից։ Այն նաև փոխում է գույնը՝ կախված Սատուրնի վրա տարվա եղանակից՝ ամռանը դառնում ոսկեգույն, իսկ ձմռանը՝ կապույտ:
Որքան էլ տարբեր իրարամերժ կարծիքներ հնչեն տիեզերքում ջրի առկայության վերաբերյալ, այնուամենայնիվ, պարզվել է, որ տիեզերքում ջրի ամպ կա։ Յուպիտերի չորս արբանյակներից մեկը՝ Եվրոպան, ենթադրաբար ունի օվկիանոս, որը կարող է ավելի շատ ջուրպարունակել , քան կա Երկիր մոլորակում։ Սակայն այդ արբանյակի ջրի մեծ մասը ամպի մեջ է, որը շրջապատում է քվազարը։ Դա լուսավոր գերզանգվածային սև խոռոչ է, որը գտնվում է 12 միլիարդ լուսատարի հեռավորության վրա: Ջրային գոլորշիների այդ ամպը ծածկում է մի քանի լուսային տարվա տարածք և պարունակում է 140 տրիլիոն անգամ ավելի շատ ջուր, քան ամբողջ օվկիանոսն է։
Եվ վերջում՝ Յուպիտերի ուղեծիր են ուղարկվել Լեգո խաղալիքներ։ Երեխաներին գիտությամբ և տիեզերքի ուսումնասիրությամբ հետաքրքրելու համար LEGO-ն ստեղծել է երեք ֆիգուր:
Տիեզերք ուղարկված LEGO-ի, այսպես ասած, անձնակազմում ներգրավված են Յուպիտեր աստվածն ու իր կինը՝ Յունոնան, ում անունով էլ կոչվել է առաքելությունը։ Նրանց ուղեկցել է Գալիլեո Գալիլեյը, որը հայտնաբերել է այս մոլորակի չորս ամենամեծ արբանյակները։ Ֆիգուրները շարժական մասեր չունեն, ձուլված են հատուկ ալյումինից, որը կարող է դիմակայել միջմոլորակային թռիչքների խստությանը:
Ի դեպ՝ նրանք դեռ Յուպիտերի ուղեծրում են։ Ինչո՞ւ։ Քանի որՅունոնայի առաքելությունը երկարաձգվել է մինչև 2025 թվականի սեպտեմբեր: Այ, այսպիսի հետաքրքիր փաստեր։