Հունիսի 6-ը կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հայկական առաջին բալետի, առաջին սիմֆոնիայի հեղինակ, հայ նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։
Խաչատրյանի ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գանձարանի նմուշներից են: Նրա անունը հայտնի է ողջ աշխարհում, նրա ստեղծագործությունները կատարվում են երկրագնդի բոլոր անկյուններում, տիեզերքի անկյուններից մեկում ապրում է «Խաչատուրյան /4802/» անունը կրող աստղակերպը, իսկ 2013 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը» գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի Միջազգային ռեեստրում։
Դե, իսկ Խաչատրյանի «Գայանե» բալետից հայտնի «Սուսերով պարն» էլ աշխարհում ամենաշատ լսվող երաժշտությունների շարքում է։
Ի դեպ, ինքը՝ Արամ խաչատրյանը, «Սուսերով պարը» համարում էր իր երաժշտական ընտանիքի անհնազանդ ու աղմկոտ զավակը։ «Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործությունները, ապա երբեք այն չէի գրի»,-ասում էր կոմպոզիտորը։
Կոմպոզիտորի ծննդյան օրը շնորհավորելու և ամռան այս օրը հետաքրքիր դարձնելու մի տարբերակ ենք առաջարկում․ այցելել կոմպոզիտորի տուն-թանգարան, իրենց գործի գիտակ էքսկուրսավարների հետ շրջել թանգարանով, բացահայտել կոմպոզիտորի կենսագրության հետքրքիր էջերը։
Կոմպոզիտորի ծննդյան օրվան մեր կարճ անդրադարձն ավարտենք այս պատմությամբ։
Արամ Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում։ Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը կոմպոզիտորը Լյադո էր դրել․ գլխի ընկաք երևի, որ «լյա» և «դո» նոտաներն էին իրար միացել այս անվան մեջ։
Կոմպոզիտորը Լյադոյին շատ էր սիրում, սիրում էր նրա հետ զբոսնել, և անգամ մի ստեղծագործություն նվիրեց շանը։ «Լյադոն լուրջ հիվանդացել է»․ այսպես է կոչվում երաժշտական պիեսը, որով Արամ Խաչատրյանը հավերժացրեց իր պուդելի անունը։