Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության համագործակցությամբ հունիսի 7-ից սեպտեմբերի 20–ը կիրականացնի «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը: Այն նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար:
Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային հանգիստը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով, դեռևս պատանի տարիքից հետաքրքրություն առաջացնել դեպի գիտական հետազոտությունը, աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում, ամրապնդել աշակերտ-ուսուցիչ-ամառ-ընթերցանություն-գրականություն-գիտություն-թանգարան կապը: Ծրագրի կարևորությունն է յուրովի բացահայտել Չարենցի կերպարը և նրա «օգնությամբ»՝ ժամանակի մյուս մեծերի կյանքի հայտնի և անհայտ դրվագները, ստեղծագործական ժառանգությունը:
Ծրագրի ընթացքը բաղկացած է երեք փուլից՝ հետազոտական աշխատանք, գիտաժողով, նյութերի ժողովածուի հրատարակում: Առաջին փուլը մեկնարկել է հունիսի 7-ից։ Ամառվա ընթացքում երեխաները հնարավորություն կունենան ուսուցիչների, ծնողների օգնությամբ ձեռնամուխ լինել այդ աշխատանքներին: Եղիշե Չարենցի տուն-թանգարանի աշխատակազմն էլ պատրաստակամություն է հայտնում՝ աջակցելու և խորհրդատվություն տալու դպրոցականներին, որովհետև հետազոտական աշխատանքը պետք է իրականացվի տեխնիկական չափորոշիչներին համապատասխան:
Հետազոտական աշխատանքն ավարտելուց հետո հանձնաժողովի կողմից ընտրված հայտերի հեղինակները կմասնակցեն Ուսուցչի տոնի շրջանակում կազմակերպվող գիտաժողովին, և լավագույն նյութերը կհրատարակվեն:
Ավանդույթի համաձայն՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը յուրաքանչյուր ծրագիր նախաձեռնելիս առաջնորդվում է բանաստեղծի պատգամներով: Վերոնշյալ ծրագիրը նրա՝ «Մանուկ ընթերցողների կոնֆերանսի» գաղափարի այլընտրանքային իրականացումն է:
Ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել https://forms.gle/hMXLRknsCcbtPseu9 հղումով: Հետազոտական աշխատանքներն անհարաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 20-ը:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել Եղիշե Չարենցի տուն-թանգարան (հեռ.՝ 010 53 14 12):