Մենք հաշվել ու պարզել ենք, որ ամբողջ աշխարհում գոյություն ունի մոտ 1․300 կենդանաբանական այգի։ Այդ ցանկում առանձնանում է Վիեննայում գտնվող Շյոնբրունի կենդանաբանական այգին, որն աշխարհում ամենահինն է։
Որքան էլ զարմանալի թվա, բայց ի սկզբանե՝ կենդանաբանական այգիները, պարզապես, ժամանցի ու զվարճանքի կենտրոններ են եղել։ Սա է պատճառը, որ մարդիկ նախկինում գործածում էին «գազանանոց» անվանումը։
Տարիների ընթացքում կենդանաբանական այգիները մեծ փոփոխություններ են կրել։ Այսօր դրանք ունեն կենսաբազմազանության պահպանման հիմնական գործառույթ։
Ստացվում է, որ կենդանաբանական այգիների գաղափարն էր՝ ստեղծել այնպիսի համակարգ, որի միջոցով բնության մեջ հանդիպող վայրի կենդանիները բաշխված կլինեն ամբողջ մոլորակով։
Կենդանաբանական այգին մեծ ուշադրություն է դարձնում նաև կենդանիների կենսաբազմազանության պահպանմանը։ Օրինակ՝ երբ այգում հայտնվում է Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներից մեկը, դա հնարավորություն է տալիս այդ կենդանուն փրկել անհետացումից և բազմացնել։
Պատմության մեջ արդեն եղել է նման օրինակ։ Ամբողջ աշխարհի գրեթե բոլոր կենդանաբանական այգիները միավորվել են Պրժևալսկու ձիու տեսակի պահպանման ու վերականգման համար։
Դե, արդեն կռահում եք չէ՞, որ խոսքը դեղնավուն վայրի ձիերի մասին է։ Կենդանաբանական այգիների ծրագիրը աշխատեց և կենդանատեսակը վերականգնվել է։
Բայց եթե կենդանաբանական այգիները ընդամենը մեկ գործառույթ ունենային, ապա՝ այգում տեղ գտած կենդանատեսակները կլինեին բացառապես Կարմիր գրքում գրանցվածները և չէին պահվի քաղաքների կենտրոնում։
Այսինքն, կենսաբազմազանության պահպանմանը զուգահեռ, այս այգիների երկրորդ գործառույթը էկոկրթությունն է։ Կենդանաբանական այգիների նպատակը պետք է լինեն կենսաբանության և էկոլոգիայի, ինչպես նաև՝ բնության ու կենդանիների պահպանումը։
Դե, սիրելի ունկնդիրներ, այսքանը կենդանաբանական այգիների գիտակրթական գործառույթների ու կենդանիների կենսաբազմազանության պահպանման մասին։