Լուրեր

Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում.

— Արձակ
— Դրամատուրգիա
— Մանկապատանեկան գրականություն
— Պոեզիա

Առանց տարիքային սահմանափակման մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները, որոնք ՀՀ քաղաքացի են: Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն:

Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև 500․000-ական դրամ (ներառյալ հարկերը):

Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է հրատարակված և հրապարակված չլինեն: Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։

Մրցույթին պետք է ներկայացնել՝

«Արձակ» անվանակարգում

  • կամ 2 պատմվածք
  • կամ 2 էսսե
  • կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որտեղ անպայման նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը: Ստեղծագործության բառային սահմանափակումը վերաբերում է նաև պատմվածքներին և էսսեներին):

«Դրամատուրգիա» անվանակարգում

  • 1 պիես

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում

  • կամ 2 հեքիաթ
  • կամ 2 պատմվածք
  • կամ 1 պատկերազարդ պատմություն
  • կամ 10 բանաստեղծություն
  • կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որտեղ անպայման նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը: Ստեղծագործության բառային սահմանափակումը հեքիաթին, պատմվածքին, պատկերազարդ պատմությանը, բանաստեղծությանը չի վերաբերում):

«Պոեզիա» անվանակարգում

  • 10 բանաստեղծություն

Գործերը ժյուրիի գնահատմանն են ներկայացվելու ԱՆԱՆՈՒՆ։

Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին «word» ձևաչափով (բոլոր գործերը մեկ ֆայլում): Ֆայլում ՉՊԵՏՔ է նշել անուն-ազգանուն կամ կեղծանուն: «Նամակի դաշտ»-ում հարկ է նշել կոնտակտային տվյալները, իսկ «թեմա» տողում՝ գրողի անուն-ազգանունը և անվանակարգը (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան, «Պոեզիա» անվանակարգ):

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ. հուլիսի 12-ն է (ներառյալ)։ Հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 8-ին՝ Գրքի երևանյան յոթերորդ փառատոնի փակման արարողության ժամանակ։

Նշենք, որ 2017 թվականից կազմակերպվող փառատոնը մեր երկրում գրականության ոլորտի ամենամեծ նախագիծն է: Այն տեղի կունենա սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում: Ծրագրում կլինեն գրքի տոնավաճառ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, գրական բաթլներ, ստենդափ, շնորհանդեսներ, աշխատարաններ, ներկայացումներ և համերգներ:

Ցուցադրել ավելի
Back to top button