Զարթուցիչ

Ի՞նչ անել, երբ հանդիպել ենք օձի․ Զարթուցիչ

Ավարտին է մոտենում ամռան առաջին ամիսը, ինչը նշանակում է, որ օրերն ավելի շոգ ու արևոտ կլինեն։ Դե, այդպիսի եղանակին ցանկանում ենք գնալ էքսկուրսիաների, մասնացել արշավների, քայլել անտառներում՝ երբեմն մոռանալով կենդանական աշխարհի ու, հատկապես, օձերի մասին։

Թյուր կարծիք կա, որ օձերը սիրում են բարձր ջերմաստիճան, ուստի՝ օրվա շոգ ժամերին դուրս են գալիս իրենց թաքստոցից։ Իրականում սա ամենատարածված միֆերից է։ 

Ուստի՝ այսօր կծանոթանանք այս սողունների իրական կենսակերպրին և նրանցից պաշտպանվելու մի քանի կանոների հետ։ 

Այսօր կխոսենք օձերի վարքի, բնավորության, ինչպես նաև՝ այս սողուններից զգուշանալու և պաշտպանվելու մի քանի կանոնների մասին։ Իսկ թե ինչո՞ւ ենք անդրադառնում այս կենդանուն, կարծում եմ, դժվար չէ կռահել։ Վերջին տարիներին՝  ամռանը նրանց կարելի է հանդիպել նույնիսկ երևանյան բանուկ փողոցներում։

Այսպիսով, շատ սողունաբաններ նշում են, որ օձերը նախահարձակ չեն լինում։ Փոխարենը, կարող են ֆշշոցով կամ այլ նախազգուշական մեթոդներով տեղեկացնել, որ իրենք այդ տարածքում են, ուստի՝ պետք է հեռու գնալ։

Երբեմն, լսելով օձերի ֆշշոցը և տեսնելով այս սողունների դուրս եկած լեզուն՝ մարդիկ վախենում են ու կարծում, որ օձը պատրաստվում է մոտենալ իրենց և կծել։

Այո՜, դուք ճիշտ լսեցիք, ոչ թե խայթել, այլ՝ կծել։ Սա տարածված սխալ գործածություններից է։ Պետք է հիշել, որ օձերը չեն խայթում։ Այս սողուններն ունեն ատամներ, որոնց օգնությամբ էլ կծում են հնարավոր վտանգ հանդիսացող օբյեկտին։

Այդ դեպքում՝ ինչո՞ւ են օձերը շարունակ դուրս հանում իրենց լեզուն։ Պատճառն այն է, որ այս սողունները քիթ չունեն , բայց ունեն հոտառություն։ Ինչպե՞ս․․․․

Օձերի բերանի խոռոչում կա մի օրգան, որը կոչվում է «Յակոբսոնի օրգան»։ Օձերը, իրենց երկբաժան լեզուն դուրս ու ներս անելով, պարզապես հավաքում են օդի մոլեկուլները, տանում են ներս՝ հպելով «Յակոբսոնի օրգանին», որի օգնությամբ էլ՝ հասկանում են, թե տարածքում ի՞նչ կենդանու կամ, առհասարակ, օդում պտտվող ի՞նչ հոտեր կան։ 

Ասում են, որ օձերն ավելի վտանգավոր են ամռանը։ Սա, իհարկե, ճիշտ է, հատկապես՝ այս սողունների թույնի առումով, սակայն թյուր կարծիք կա, որ օձերը սիրում են օրվա շոգ ժամանակահատվածը։ Իրականում, բարձր ջերմաստիճանը նրանց վնասում է։ Այսինքն՝ օձերը սթրեսի պատճառով են դառնում ավելի ակտիվ ու անհանգիստ։ Ուստի՝ քաղաքում, թե բնության գրկում, պետք է շատ ուշադիր լինել։

Հայաստանում հանդիպում է  21 տեսակի օձ, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակները։ Դրանք են՝ տափաստանային իժը, դարևսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան։

Եկեք պարզենք, թե ի՞նչ է պետք անել, եթե օձը կծել է: Եթե օձը թունավոր չէ, ապա՝ վերքը պետք է մշակել այնպես, ինչպես կախտահանենք ու կմշակենք սովորական վերքը։ Իսկ թունավոր օձերի դեպքում՝ ամեն բան այլ է։ 

Նախ, ինչպե՞ս հասկանալ, որ կծել է թունավոր օձ։ Թունավոր օձի կծած տեղում նկատվում են թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերքեր, որոնց միջև երևում են ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքեր։ Իսկ ոչ թունավոր օձերի կծած տեղում մարմնի վրա երևում են չորս շարք դասավորված կետիկներ։

Թունավոր օձի կծելուց հետո թույնը անցնում է մարմնի մեջ։ Այդ հատվածում մարդը ուժեղ ցավ և այրոց է զգում, որից հետո այդ հատվածն սկսում է կարմրել ու այտուցվել։ Այտուցը սկսում է տարածվել ամբողջ մարմնով, զգացվում է ուժեղ թուլություն, սրտխառնոց և փսխում։ Նաև կարող են նկատվել գլխապտույտ, տեսողության և խոսքի խանգարումներ, ինչպես նաև՝ կարող է դժվարանալ շնչառությունը։

Թունավոր օձի կծելու դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։ Հնարավորության դեպքում՝ պետք է հիշել կամ նկարել կծող օձի տեսքը։ Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում անհրաժեշտ է սեղմել վնասված հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը պետք է դադարեցնել, երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։ 

Կարևոր է նաև հիշել, որ պետք է տուժածին հանգստացնել, տեղափոխել ավելի ապահով և հով վայր, հեռացնել ճնշող զարդերը, գոտին և այլ ավելորդ իրեր, ինչպես նաև՝ տալ մեծ քանակությամբ հեղուկ։

Հիշենք, որ չի կարելի թույնը արտածծել բերանով, քանի որ բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել մեր օրգանիզմ։ Ինչպես նաև՝ արգելվում է տուժածին շարժել։

Օձերը, թեև կարող են վտանգավոր լինել, բայց մեր էկոհամակարգում նրանց դերը շատ կարևոր է։ Ու, չմոռանանք նաև, որ օձերը նախահարձակ չեն լինում, քանի դեռ չեն զգացել վտանգ, որ մենք կմոտենանք ու կվնասենք իրենց։ 

Ցուցադրել ավելի
Back to top button