Զարթուցիչ

Ամառը՝ ամառային դպրոցներում. Զարթուցիչ

Ամառային արձակուրդը հետաքրքիր անցկացնելու համար առաջարկում ենք օրվա մեկ երկու ժամը ամառային դպրոցներում անցկացնել և հետաքրքիր կրթական ծրագրերի մասնակցել։ Մարտիրոս Սարյանի տուն թանգարանում գործում է «Սարյանի կարմիր արև» ամառային դպրոցը։ Այստեղ՝ երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 11-ից մինչև 15։30-ը կարող եք նկարել, գրքեր կարդալ, ուսուցողական ֆիլմեր ու մուլտֆիլմեր դիտել, ինչպես նաև մասնակցել էքսկուրսիաների, այցելել Երևանի մյուս թանգարաններ ու մշակութային կենտրոններ։
Հետաքրքիր կրթական ծրագրերի կարող եք մասնակցել նաև Հայաստանի Ազգային պատկերասրահում։ Հուլիսի 2-ից պատկերասրահում կգործի «Բացահայտելով թանգարանը» ամառային դպրոցը։ Ծրագրի ընթացքում կանցկացվեն խեցեգործության, խճանկարչության և դասական նկարչության դասընթացներ։ Դասընթացների ավարտին կբացվի ցուցահանդես, որտեղ դպրոցի մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքները։
Մատենադարանում ևս կարող եք Ամառային դպրոցի մասնակցել։ Այստեղ էլ հնարավորություն կունենաք ծանոթանալ Մատենադարանում պահվող ձեռագրերին, արխիվային փաստաթղթերին, դրանց ստեղծման ու վերականգնման ընթացքին, ինչպես նաև՝ միջնադարյան արվեստի տարբեր ճյուղերին:

Արձակուրդի օրերին երեխաներին սպասում են նաև Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանի ամառային դպրոցում։ Այստեղ էլ կարող եք կարդալ Իսահակյանի ստեղծագործություններն ու քննարկել դրանք, մասնակցել «Ազգային երգ» ծրագրին, ինչպես նաև դիտել «Վարպետը» անիմացիոն ֆիլմը։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ևս պատանիներին հրավիրում է մասնակցելու Կոմիտասական ամառային դպրոցի կրթական ծրագրերին։ Մասնակցելով դուք կծանոթանաք Կոմիտասի ստեղծագործական ճանապարհին, գիտելիքներ կստանաք ժողովրդական և դասական երաժշտության վերաբերյալ, ինչպես նաև կբացահայտեք նվարագարնների գաղտնիքը։

Ցուցադրել ավելի
Back to top button