Զարթուցիչ

Հավես օր «ՔոչարՖեստ»-ին․ Զարթուցիչ

Այսօր ձեզ պատմելու ենք օրեր առաջ Երևանում՝ Երվանդ Քոչարի թանգարանի հարակից փողոցում կազմակերպված մեծ տոնի մասին, որը նվիրված էր հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի ծննդյան 125 -ամյակին։ «Քոչարֆեստ»․ այդպես էր կոչվում միջոցառումը, որն անմոռանալի տպավորություններ փոխանցեց բոլոր նրանց, ովքեր օրվա ընթացքում միացան միջոցառմանը։

«Քոչարֆեստին» մասնակցեց նաև Ռադիո Արևիկի պատանի լրագրողների մեր թիմը թե՛ որպես լրագրողական թիմ, թե՛ որպես փազլի մրցաշարի մասնակից թիմ, դե, իսկ Էլենն ու Սոնան՝ նաև որպես միջոցառման կազմակերպչական աշխատանքների կամավորներ։ Եվ մենք էլ այդ օրվա մասին հիշելիս ակամա ժպտում ենք ու ասում՝ հրաշալի օր էր հունիսի 22-ը, հրաշալի բացահայտումներ, հնարավորություն․․․

Բայց՝ ամեն ինչի մասին՝ սկզբից․․․

«Քոչարֆեստի» շրջանակում անցկացվող փազլի մանկապատանեկան մրցաշարի մասին ձեզ ևս տեղեկացրել էինք, իսկ երբ Երվանդ Քոչարի թանգարանի հանրային կապերի պատասխանատու Մարիամ Հովունին Ռադիո Արևիկին էլ առաջարկեց մրցաշարին մասնակցել իր թիմով, մենք ոգևորվեցինք, կազմեցինք մեր հինգհոգանոց թիմը՝ Էլեն, Գոհար, Նանե, Սոնա Լևոնյան և Սոնա Բաբասյան կազմով, և հունիսի 22-ին ժամը 14-ին հայտնվեցինք Երվանդ Քոչարի թանգարանի մոտ, ինչպես և պայմանավորվել էինք։

Պարզվեց, որ փազլի մրցաշարը «Քոչարֆեստի» մեկնարկն էր միայն և դրանից հետո դեռ շատ հետաքրքիր բաներ էին լինելու։

Մեր կարծիքով «Քոչարֆեստը» քաղաքի սրտում ավելացրեց աշխուժություն և իհարկե անցորդներին, զբոսաշրջիկներին, երևանցիներին՝ բոլորին, տեղեկացրեց և ծանոթացրեց Քոչարի արվեստի անհասանելի թվացող գաղտնիքներին, և մեզ մեկ անգամ ևս թույլ տվեց կտրվել առօրյա հոգսերից ու վայելել հայկական մշակույթի ամենավառ գործիչներից մեկի արվեստը ոչ ֆորմալ ձևով։

Մարդիկ այդ օրը կարծես հավաքվել էին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ավելի լավ ծանոթանալ Քոչարի արվեստին, ու կարծում ենք՝ ստացվեց։

Դե իսկ փազլի մրցույթն իրական մարտահրավեր էր բոլորիս համար։ Մենք սովոր ենք հավաքել հասարակ փազլներ կենդանիների, իրերի, կամ ինչ-որ այլ բաների պատկերներով, բայց այս անգամ պետք էր հավաքել արվեստի գործ՝ նկար, որտեղ նկարիչը օգտագործել էր իր ողջ երևակայությունը և ստացել էր մի նկարը որը դժվար է արտանկարել, և է՛լ ավելի դժվար է փազլի քարտերով հավաքել, բայց կարծում ենք որ մեր թիմը պատվով կարողացավ կատարել առաջադրանքն ու միասնական ուժերով գրավել 5-րդ տեղը։

Շատ հավես գաղափար էր այս՝ փազլի մրցաշարի գաղափարը։ Մեծ խմբով փազլ հավաքելը դժվար, բայց ընդհանուր հետաքրքրություն ունեցող նոր մարդկանց հետ շփման հիանալի առիթ էր: «ՔոչարՖեստ»-ը օգնեց նաև երիտասարդ արվեստասերներին մասնակից լինել թանգարանի կյանքին որպես կամավորներ ու իրենց փոքրիկ ներդրումն ունենալ մեծ գործում:

Քոչարի ստեղծագործությունների մասին պատմող անիմացիոն ֆիլմերն էին հետաքրքիր, ՔոչարՖեստ-ի շրջանակում առանձին տաղավարում ներկայացված էր արհեստական բանականությամբ նկարող ռոբոտ սարքը, որն իր վրձնի միջոցով նկարում էր մաեստրոյի գործերը:

Առանձին տաղավարներ էին նախատեսված ֆոտոնկարահանումների համար՝ կրկին Քոչար– 125 գրություններով և թեմատիկ պատկերներով: Երեկոն ամփոփվեց ջազային համերգային երեկոյով՝ Արտո Թունջբոյաջյանի և Վահագն Հայրապետյանի կատարմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button