Լուրեր

Մեկնարկեց 21-րդ «Ոսկե ծիրան»-ը

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ավելի քան քսան տարի իր հյուրընկալ հարկի տակ է համախմբում աշխարհահռչակ կինոգործիչների, Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ հեղինակավոր կինոփառատոններում հաղթած ֆիլմեր, օսկարակիր կինոնկարներ և հարթակ դառնում կինոարվեստ նոր մուտք գործող երիտասարդների համար: 

21-րդ «Ոսկե ծիրան»-ը, որն անցկացվում է հուլիսի 7-14-ը, մեկնարկեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Փառատոնի կարմիր գորգին փոխարինել էին արվեստագետ Դավիթ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք նոր շունչ էին հաղորդել հանդիսավոր արարողությանը: 

Փառատոնի բացումը վստահված էր կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Յոթ քող» նոր ֆիլմին, որի պրեմիերան կայացել է 2023-ին Տորոնտոյի կինոփառատոնում: Ֆիլմը Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ և վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, որը ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։  

«Ոսկե ծիրան»-ի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար «Փարաջանովյան թալեր» հանձնեց Քևին Սփեյսիին։ Մինչ արտիստի բեմ բարձրանալը էկրանին ցուցադրվեցին հատվածներ նրա լավագույն ֆիլմերից՝ ներկայացնելով Սփեյսիի անցած երկար ճանապարհը։

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հանրությանը կներկայացնի մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և այլ փառատոններից: Ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվելու են Կինոյի տանը, Մալյանի անվան թատրոնում և «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: 

Ցուցադրել ավելի
Back to top button