Զարթուցիչ

Օրն սկսենք շոկոլադով․ Զարթուցիչ

Հուլիսի 11-ի առավոտն ենք սկսում միասին և, չնայած սննդաբաններն ու մայրիկները դեռ չեն եկել միասնական կարծիքի՝ առավոտյան շոկոլադ ուտելն օգտակար է, թե հակառակը, այս առավոտը, հաստատ, կարելի է սկսել շոկոլադով․ որովհետև հուլիսի 11-ը, ինչպես հիշեցնում է օրացույցը, շոկոլադի համաշխարհային օրն է․․․

Օրն առաջին անգամ նշել են ֆրանսիացիները 1995 թվականին, բայց շատ շուտով այն սիրելի դարձավ աշխարհի տարբեր երկրներում և սկսեց նշվել տարբեր միջոցառումներով, տոնակատարություններով, փառատոներով, վարպետաց դասերով, աշխատարաններով, շոկոլադից պատրաստված քանդակների ցուցադրություններով և էլ ինչով ասես․ շոկոլադը թույլ է տալիս գործի դնել երևակայությունը, և տարեցտարի տոնակատարության ավելի հետաքրքիր տարբերակներ են առաջանում։

Շոկոլադի ծագման և տարածման հետ կապված երկու մոլորություն կա, որոնց առաջարկում ենք ծանոթանալ։

Մոլորություն առաջին․ տարածված տեսակետ է, որ շոկոլադն ստեղծել են ացտեկները։ Նրանց լեգենդներից մեկն ասում է, որ շոկոլադն աստվածային ընպելիք է, որն ացտեկներին է նվիրել իրենց թևավոր օձ աստվածը։ Մինչդեռ շոկոլադ ըմպելիքի իրական հայտնագործողներն ավելի հին ժամանակներում Կենտրոնական Ամերիկայում ապրած հնդկացիական ցեղերից օլմեկներն են։ Հենց նրանք են սովորել մանրացնել շոկոլադի ծառի պտուղներն ու եփել դրանք։

Երկրորդ մոլորությունը վերաբերում է առաջին եվրոպացուն, որը փորձել է այս ըմպելիքը։ Ըստ տարածված կարծիքներից մեկի այդ եվրոպացին Քրիստոփոր Կոլումբոսն է եղել։ Մինչդեռ առաջին սպիտակամորթ մարդը, որը փորձել է այս ըմպելիքը իսպանացի նվաճող Ֆերնանդո Կորտեսն է եղել։ Հենց նրան՝ Մեքսիայի այս արյունարբու նվաճողին ացտեկները մատուցեցին աստվածային ըմպելիքը՝ համարելով, որ Կորտեսը երկիր իջած իրենց աստվածն է։ Դա 1519 թվականին էր։ Իսկ Հին աշխարհը դրանից միայն 7 տարի անց ծանոթացավ շոկոլադի հետ, երբ Կորտեսի նավերը վերադարձան Իսպանիա։

Եվ՝ օրը շոկոլադով սկսելու հետ կապված ևս մեկ դիտարկում։ Շատերս ենք օրն սկսում շոկոլադով, և երբ, օրինակ, դպրոց գնալուց առաջ մեկ կտոր շոկոլադ ենք ուտում, վստահ եմ, որ ոչ միայն մեր, այլև շատերիդ մայրիկներին էլ դա դուր չի գալիս․ նորմալ նախաճաշիր, ոնց կարելի է քաղցած փորին շոկոլադ ուտել, ասում է նա։ Բայց, քանի որ նախաճաշին շոկոլադ ընդունելու մասին տարբեր կարծիքներ կան, կարող եք հակաճառել օգտագործելով այս կարծիքը․ նախաճաշին օգտագործած շոկոլադն, ասում են տարբեր հետազոտողներ, օգնում է շատ արագ թոթափել քնկոտությունը, բարձրացնում է աշխատունակությունը և շատ օգտակար է հատկապես նրանց համար, ովքեր ակտիվ մտավոր աշխատանքով են զբաղված։ Իսկը մեզ համար է ասված։

Բայց, իհարկե, չենք մոռանում, որ ամեն ինչ չափի մեջ է օգտակար, և որ, օրինակ, շոկոլադի սալիկի երկու-երեք կտորը լրիվ բավական է արագ սթափվելու և օրը բարձր տրամադրությամբ սկսելու համար։

Իսկ հիմա, երբ արդեն արթուն եք, և արձակուրդն էլ հենց խոհանոցում մեր երևակայությունը գործի դնելու մեծ հնարավորություն է տալիս, առաջարկում ենք շոկոլադի ամենապարզ մի բաղադրատոմսով համեղ շոկոլադ պատրաստել ողջ ընտանիքի համար։

Ի՞նչ է պետք դրա համար․ 100 գրամ կակաոյի փոշի, 1 թեյի գդալ շաքարավազ,  50 գրամ կարագ, 2 ճաշի գդալ կաթ։

Կաթը ոչ շատ ուժեղ կրակի վրա տաքացրեք՝ չթողնելով, որ եռա, ավելացրեք շաքարն ու կակաոյի փոշին։ Հետո գոլորշու վրա հալեցրեք կարագը և ավելացրեք այն զանգվածի վրա, խառնեք բոլոր բաղադրիչները, եռացրեք մոտ 2 րոպե, ապա ստացված զանգվածը հովանալուց հետո դրեք սառնարանի մեջ։ Մի քանի ժամից հանեք սառնարանից և հյուրասիրեք տնեցիներին։

Ցուցադրել ավելի
Back to top button