Երեխան չպիտի ունենա չափից ավելի արգելքներ, մենք ծնողներ ենք և ոչ թե, կներեք, վերակացուներ, որ ամեն առիթով նրանց ինչ որ բաներ արգելենք։ Բայց և միաժամանակ անպայման պիտի նկատի ունենանք, որ կան արգելքներ, որոնք երբեք չպիտի վերանայենք։ Դրանք այն «չի կարելի»–ների շարքից են, որոնք կոչված են երեխայի անվտանգությունն ու առողջությունը պահպանելուն։ Դրանք մենք չենք վերանայում, անխոս։
Երբ ասում ենք՝ անվտանգություն և առողջություն, իհարկե նկատի չունենք միայն սեփական զավակի առողջությունն ու անվտանգությունը։ Եթե նա չարաճճիորեն կամ անգիտակցորեն անում է այնպիսի մի բան, որ վնաս չի իրեն, բայց վնաս է ուրիշ երեխայի, շրջապատի մարդկանց ու սպառնում է նրանց անվտանգությանն ու առողջությանը, մենք, իհարկե, անմիջապես պիտի դրա դեմն առնենք, երեխան պիտի հասկանա, որ որքան իր ապահովությունն է կարևոր և առաջնային, նույնքան էլ կարևոր ու առաջնային է ուրիշի ապահովությունը։
Անպայմանորեն շեշտենք, որ բոլոր այն կանոնները, որոնք վերաբերում են երեխայի դաստիարակությանն ու նրա կենսաապահովմանը, պիտի լինեն պարտադիր ընտանիքի բոլոր անդամների համար, առանց բացառությունների։ Եվ կապ չունի, թե ով իրեն ոնց է զգում, առողջ է թե հիվանդ, անտրամադիր է, թե տրամադիր՝ մեր սահմանած կանոնները պիտի գործեն միշտ, պարտադիր ու անխափան։ Դրանք պիտի տարածվեն նաև մեր ծանոթների, ազգականների ու ընտանիքի բարեկամների վրա, այն իմաստով որ եթե, ասենք՝ երեխային ժամանակավոր ինչ որ բան չի կարելի, թեկուզ հենց քաղցրեղեն, ուրեմն հարևանի, հորեղբոր, կամ մեկ ուրիշի հյուրասիրած պաղպաղակը կամ շոկոլադը նույնպես չի կարելի, անկախ նրանից, թե որքան լայն ու անկեղծ է ժպտում այն տվողը։
Քրիստ Մանարյան



