Նկատած կլինեք, որ հաճախ քիչ թե շատ հայտնի մարդկանց հետ հարցազրույցներում, երբ հնչում է հետևյալ հարցը՝ ո՞րն է ձեր ամենամեծ թերությունը, մարդը խորիմաստ պաուզայից հետո ասում է․ «Իմ ամենամեծ թերությունն այն է, որ ես շատ բարի եմ․․․կամ՝ շատ եմ հավատում մարդկանց․․․կամ նվիրվում եմ ընկերներիս»․․․ և ուրիշ այսպիսի բաներ․․․ Ոչ ոք չի ասում՝ ես նախանձ եմ, ես ժլատ եմ, ես կռվարար եմ, եսասեր եմ․․․
Դա, իհարկե, կարող է հասարակության աչքին լավը երևալու ցանկությամբ բացատրվել, բայց կարող է նաև ինքնավերլուծության տարրական հմտությունների բացակայության մասին խոսել, նաև հուշել այն մասին, որ փոքր տարիքից սկսած՝ ծնողները սխալ են աշխատել այս հմտության զարգացման վրա․․․
Ինչպե՞ս սովորեցնել երեխային ճիշտ վերլուծել սեփական արարքները, խնդրային իրավիճակները և իր ներսում կատարվողը` առանց սուր անկյունները հարթելու․ այս հարցն ենք քննարկում մեր հյուրի՝ հոգեբան Արմինե Վարդանյանի հետ։
Ա․ Վարդանյան — Այո, տեղին է դիտարկումը, և նման պատասխանից հետո, սովորաբար, մի տեսակ անհավասարակշռության զգացողություն է առաջանում, որովհետև բարությունը լավ որակ է, համբերատարությունը լավ որակ է, զիջել կարողանալը՝ ևս․ այս բոլորը դրական որակների շարքին են դասվում, և երբ դրանք որպես բացասական կողմ կամ թերություն են նշվում, մի տեսակ տարակուսանք կարող է առաջանալ։
Իհարկե, հիմքերը՝ ինքնավերլուծություն, ինքնաճանաչում, ձևավորվում են դեռևս փոքր տարիքից, և այո՛, երբ մենք՝ ծնողներս, ավելի շատ օգտագործում ենք պիտակավորող և գնահատող արձագանքներ՝ «խելացիս», «բարիս», «հոգատարս», «ամենա–ամենաս», սրանք ինչ–որ առումով կաղապարում են, և մարդն էլ, երբ որ հայտնվում է նման իրավիճակներում, որտեղ ինքն անընդհատ պիտի, օրինակ, զիջի, որովհետև իրեն ասել են, որ ինքը զիջող է, կարող է զիջելու կարողությունն ընկալել որպես բացասական որակ, որովհետև այդ իրավիճակում, օրինակ, ինքը չէր ուզում զիջել։
Հարց — Որոշակի իրավիճակներում, երբ, ասենք կոնֆլիկտ է եղել դասարանում, բակում, ընկերների հետ, ծնողներն էլ հաճախ, միջամտելով այդ կոնֆլիկտին, ասում են՝ այդպես եղավ, որովհետև իմ երեխան բարի է, ներողամիտ է և այլն․․․և երեխան էլ դա լսում է։
Ա․Վարդանյան — Այո, իհարկե։ Այսինքն, եթե փորձենք ծնողական մոտեցումների տեսաակետից նայել, շատ ավելի արդյունավետ կլինի այդ կաղապարող բառերն օգտագործելու փոխարեն, երեխային ուղղակի իր արարքի նկարագրությունը տալ․․․
Շարունակությունը՝ զրույցում:



