Զարթուցիչ

Այսօր Կատուների համաշխարհային օրն է․ փափկամազիկները լրիվ իրավունք ունեն իրենց երևակայելու․․․

Եթե տանը փիսո ունեք, չզարմանաք, որ նա այսօր իրեն սովորականից շատ երևակայի․ կատվային առանձնահատուկ բնազդով երևի գլխի է ընկել, որ այսօր օրացույցում իր և իր ցեղակիցների համար նշում կա․․․

Այն էլ՝ ի՜նչ նշում․ օրացույցը հուշում է, որ այսօր Կատուների համաշխարհային օրն է․ փափկամազիկները լրիվ իրավունք ունեն իրենց երևակայելու․․․

Օրը նշվում է 2002 թվականից սկսած՝ Կենդանիների պաշտպանության միջազգային ֆոնդի նախաձեռնությամբ։

Օգոստոսի 8-ը հիշեցնում է կատու ունեցողներին, որ իրենց քմահաճ, ինքնագոհ, երես առած, բայց շատ սիրելի փափկամազ ընկերոջն այսօր սովորականից ավելի ուշադրություն կարելի է հատկացնել, սովորականից համով կերակրել, սովորականից շատ գուրգուրել, որովհետև․․․դե, որովհետև ինքը տան սիրելին է։

Իսկ ընդհանրապես օրվա նպատակը բոլորիս հիշեցնելն է, որ անտուն կատուներն էլ ուշադրության ու հոգատարության կարիք ունեն․․․

Կատուները հնուց ի վեր համարվում են ամենատարածված ընտանի կենդանիները ողջ աշխարհում։ Այդ մասին է վկայում վիճակագրական հետևյալ տվյալը․ պարզվում է, Երկիր մոլորակի բնակչության մոտ 80 տոկոսն ընտանի կենդանի է պահում, և այս 80 տոկոսի կեսը նախապատվությունը հենց կատուներին է տվել։ Շներն այս ցանկում երկրորդն են։

Աշխարհի շատ ժողովուրդներ կատուների հետ կապված հավատալիքներ ունեն, բանահյուսական տարբեր ժանրերում՝ հեքիաթներում, առածներում, ասացվածքներում, առակներում կատուները գործող կերպարներ են։ Հայկական ժողովրդական ասացվածքներից, օրինակ, այս մեկը հիշենք ՝ «Կատվի խաղը՝ մկան մահը․․․»

«Կատվի վազքը մինչև մարագն է․․․»

«Խալխի վրա շուն է հաչում, մեզ վրա՝ կատու։»

Իսկ կատուների մասին հավատալիքներից ամենատարածվածն այն է, որ կատուներն իբր մի քանի կյանք են ապրում  և որ կարողանում են բնազդորեն գլխի ընկնել տուն մտած մարդկանց չար մտադրությունները։

Զարմանալի չէ, որ որոշ երկրներում այս կենդանիները հատուկ կարգավիճակ ունեն․ Ավստրիայում, օրինակ, յուրաքանչյուր կատվի, որը մթերային պահեստները կրծողներից պաշտպանելու գործում ներգրավված Է եղել, ցմահ թոշակ է նշանակվում՝ մսի և կաթի տեսքով, իսկ Չինաստանում կատուներն օրենսդրորեն պաշտպանված են, Ճապոնիայում անգամ Կատուների տաճար կա, իսկ Գերմանիայում՝ Կատուների թանգարան։

Կատուների մասին շատ հետաքրքրիր փաստեր կարելի է հիշել, հետաքրքիր պատմություններ պատմել, բայց նրանց օրվա մասին այս տեղեկությունն ավարտենք պարզապես մեկ մաղթանքով․ աշխարհի բոլոր կատուներին մաղթում ենք գտնել իրենց հոգատար տիրոջը, գտնել տանիք գլխավերևում ու համով ուտելիք, որն իրենք շա՜տ են սիրում։

Ցուցադրել ավելի
Back to top button