Լուրեր

Հայաստանն այս պահի դրությամբ ունի ՕԽ 3 մեդալ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:

Իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում:

Վճռորոշ գոտեմարտում Ամոյանն ուժերն է չափել Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշի՝ Արամ Վարդանյանի հետ, և 6:5 հաշվով փայլուն հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր: Այսպիսով Հայաստանն այս պահի դրությամբ ունի 3 մեդալ:

Ցուցադրել ավելի
Back to top button