Կան ընտանիքներ, որտեղ երեխաները ոչ միայն պարզապես քույրեր, եղբայրներ են, այլև լավ ընկերներ, և կա հակառակը, երբ ընտանիքում երեխաների միջև հակամարտություն կա, երբեմն` անգամ թշնամանք։ Ինչու՞ է այդպես, ի՞նչ դեր ունեն ծնողները հարաբերությունների այս տեսակների ձևավորման մեջ, որտե՞ղ են սխալվել և ի՞նչ կարող են անել իրենց զավակների միջև առողջ հարաբերություններ ձևավորելու համար։ Ի դեպ, այն, թե որոնք են առողջ հարաբերությունները, սա էլ է հարց։ Այս թեման ենք քննարկում մեր հյուրի՝ հոգեբան Արմինե Վարդանյանի հետ։
Հարց – Եթե ինձ հարցնեն՝ ո՞րն է երջանիկ ընտանիքի սահմանումը, կասեմ՝ ներդաշնակ ընտանիքը։ Այն, որ ընտանիքում երեխաների միջև լինում են կոնֆլիկտներ, դա ընտանիքի ներդաշնակ լինելուն խանգարո՞ղ հանգամանք է, թե՞ հակառակը՝ ներդաշնակության մաս է։
Ա․ Վարդանյան – Հետաքրքիր հարց է։ Կոնֆլիկտը, առհասարակ, շատ բնական, նորմալ և մարդկային երևույթ է, և բնականաբար, այնտեղ, որտեղ կան մեկից ավելի մարդիկ, որոնք կարող են լինել և՛ ծնողները, և՛ ծնող–երեխա հարաբերություններին է դա վերաբերում, և՛ ընտանիքի երեխաների՝ միմյանց հետ հարաբերություններին, շատ բնական է, շատ նորմալ է և շատ առողջ է, որ կարող են լինել փոխհարաբերությունների ինչ–որ դժվարություններ, խնդիրներ և կոնֆլիկտներ։
Հարց – Ինչու՞ են նույն ընտանիքում ապրող երեխաները միմյանց հետ ոչ միայն վիճում, այլև՝ կռվում, երբեմն էլ՝ անգամ թշնամանում։
Ա․ Վարդանյան – Ինչպես արդեն ասացի, մարդ–մարդ փոխհարաբերությունները անհնար է, որ չունենան որևէ հարց, որտեղ շահերը, ցանկությունները, կարիքները, զգացողությունները բախվեն։ Եվ բնական է, որ նույն ընտանիքում ապրող երեխաներն սկսեն վիճել իրար հետ։ Այդ վեճերն ու վեճերի վրա ազդող գործոնները շատ բազմազան կարող են լինել․ և՛ երեխաների՝ ընտանիքում ծնվելու հաջորդականությունը կարող է ազդել, և՛ երեխաների միջև տարիքային տարբերությունները կարող են ազդել, ընտանիքի ընդհանուր մթնոլորտը կարող է ազդել, ծնողների մոտեցումները ևս կաևող են ազդել, արդյո՞ք երեխաները նույն տանն ունեն իրենց անձնական տարածքը, խաղալիքները, իրերը․․․ մինչև անգամ այս փոքր գործոնները կարող են երեխաների փոխհարաբերությունների վրա ազդել։
Բնականաբար, մենք բոլոր գործոնները վերահսկել կամ փոփոխել չենք կարող, բայց մեկ բան, վստահաբար, կարող ենք փոխել․ դա ծնողական մոտեցումներն են։ Եթե ծնողական մոտեցումները ոչ թե սպոնտան են լինում՝ ուղղակի ցանկություններ, ուղղակի ակնկալիքներ, որոնք ունենք երեխաներից, այլ լինում են գիտակցված, հավասարակշռված, կշռադատված մոտեցումներ, դրանք շատ ավելի են նպաստում, որ երեխաների միջև լինեն առողջ փոխհարաբերություններ։ Այստեղ սահմանենք նաև «առողջը»․ երեխաների միջև առողջ փոխհարաբերությունները, հավանաբար, այնպիսի փոխհարաբերություններն են, որտեղ չկա պայքար ծնողական սիրո համար, մեկը մյուսին վատաբանելու միտում, երբ, նույնիսկ իրար չհասկանալու պարագայում, երեխաները կարողանում են իրար հետ հարթել իրավիճակները, քննարկել, հարգել իրար հույզերը, ցանկությունները և այլն։ Բնականաբար, սա հստակ, հետևողական ծնողական մոտեցումներ է պահանջում, համբերատար մոտեցումներ․․․
Շարունակությունը՝ զրույցի մեջ: