Զարթուցիչ

Այսօր Ձախլիկների միջազգային օրն է. Զարթուցիչ

Երբևէ մտածե՞լ եք այն մասին, որ աշխարհը, կարծես, ստեղծված լինի աջլիկների համար։ Գրիչներ, մատիտներ, խոհանոցային պարագաներ, դռներ, համակարգչային մկնիկներ և շատ այլ՝ մեզ շրջապատող իրեր:

Բարեբախտաբար, ձախլիկներին դպրոցում այլևս չեն ստիպում աջ ձեռքով գրել՝ այս հարցում նրանք այլևս ազատ են, ավելին ՝ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ձախլիկներն ունեն ավելի լավ զարգացած տրամաբանություն։

Այսպիսով, Ձախլիկների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1992 թվականի օգոստոսի 13-ին՝ 1990 թվականին ստեղծված ձախլիկների բրիտանական ակումբի նախաձեռնությամբ։

Օրվա նպատակն է՝ բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ձախլիկներին հուզող ու անհանգստացնող  թեմաների վերաբերյալ, դիզայներների, արտադրողների և վաճառողների ուշադրությունը հրավիրել մարդկանց այս խմբի հարմարավետությանը՝ տարբեր իրեր արտադրելիս։ Կոտրել նախապաշարմունքներն ու սնահավատությունները, որոնք դարեր շարունակ շրջապատել են ձախլիկներին տարբեր մշակույթներում, ինչպես նաև՝ խրախուսել գիտնականներին ավելի շատ հետազոտություններ իրականացնել ձախլիկության վերաբերյալ:

Թե՛ ձախլիկների ակումբների, և թե՛ Մեծ Բրիտանիայի հիմնական մտահոգությունն այն է, որ աշխարհի շատ դպրոցներում, դեռևս, ձախլիկ երեխաներին «սովորեցնում են» աջլիկ լինել, ինչը կարող է հոգեբանական սթրեսի պատճառ դառնալ և նվազեցնել երեխայի ուսման արդյունավետությունը։

Հնում՝ ձախլիկ լինելը նորմայից շեղում էր համարվում։ Նրանց  կասկածանքով էին վերաբերվում և, նույնիսկ, արգելում էին ցուցմունք տալ դատարանում։ Ենթադրվում էր, որ սատանան ինքը ձախլիկ է եղել: Մինչդեռ հոգեբանները հաստատում են, որ բոլոր ձախլիկները ստեղծագործական հզոր ներուժ և ուժեղ բնավորություն ունեցող մարդիկ են:

Ի դեպ, վիճակագրության համաձայն՝ աշխարհում բնակչության 3-ից 10%-ը ձախլիկ է։ Ձախլիկ լինելու պատճառների մասին բազմաթիվ տեսություններ ու ենթադրություններ կան, սակայն ստույգ և ապացուցված հետազոտությունները քիչ են։ Այսօր էլ՝ ակտիվորեն ընթանում են ձախլիկների գենետիկական բնույթի հետազոտությունները։

Ըստ բժշկական ուսումնասիրությունների՝ երեխայի ձախլիկության հավանականությունը 2 տոկոս է, եթե ծնողները աջլիկ են, 17 տոկոս՝ եթե ծնողներից մեկը ձախլիկ է, և 46 տոկոս՝ եթե երկու ծնողներն էլ ձախլիկ են։  

Ուզո՞ւմ եք իմանալ, թե հայտնի մարդկանցից ովքեր են ձախլիկ եղել՝ Հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոն Բոնապարտը, Ուինսթոն Չերչիլը, Միացյալ Նահանգների երեք նախագահները՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը, ամերիկացի գրող Մարկ Տվենը, աշխարհահռչակ Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Բեթհովենը, դերասանուհի Մերիլին Մոնրոն, «Բիթլզից»՝  Փոլ Մաքքարթնին, Ռոբերտ դե Նիրոն… Այո՜, նրանք՝ բոլորը…

Որքան էլ զարմանալի թվա, բայց որոշ հնագետների կարծիքով, հնում մարդիկ երկու ձեռքն էլ հավասարապես են օգտագործել։ Ըստ նրանց՝ էվոլյուցիայի գործընթացում առաջացել է անհամաչափություն, որի արդյունքում՝ աջլիկները ավելի շատ են եղել։

Ի դեպ՝ ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները կարող են ձախլիկ կամ աջլիկ լինել։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա՝ կնկատենք, որ կենդանիների մոտ էլ առջևի թաթերից մեկը   միշտ առաջատար է։

Եվ վերջում՝ չենք ուզում նեղացնել աջլիկներին, բայց ընդունված է համարել, որ ձախլիկներն ավելի տաղանդավոր են մաթեմատիկայի, ճարտարապետության և երկրաչափության մեջ: Հետազոտությունների համաձայն՝ ձախլիկներն ավելի լավ են կողմնորոշվում տարածության մեջ, քան՝ աջլիկները։ Սակայն աջլիկների դեպքում էլ՝ կան լավ զարգացված բանավոր հմտություններ։

Ցուցադրել ավելի
Back to top button