Զարթուցիչ

Մոծակների դեմ պայքարից մինչև Ծուլության օր. Զարթուցիչ

Այսօր Մոծակների դեմ պայքարի համաշխարհային օրն է, որն ընդունվել է 1897 թվականից և նվիրված է բրիտանացի բժիշկ սըր Ռոնալդ Ռոսի այն բացահայտմանը, ըստ որի՝ կան մոծակներ, որոնք մարդկանց մալարիա են փոխանցում:

Այսօր նաև Ծուլության համաշխարհային օրն է, որի մասին օգտակար փաստեր ենք ներկայացնելու և պարզելու ենք, թե ինչպե՞ս հաղթահարել այն։

Այսպիսով, շուտով սկսվելու է ուսումնական ակտիվ առօրյան, ինչը նշանակում է՝ չպետք է թույլ տանք, որ ծուլությունը խանգարի մեզ։ Օրվա գաղափարը ծնվել է 1984 թվականին Կոլումբիայում և  անմիջապես աջակցություն գտել մի շարք երկրներում։ Սակայն նշենք, որ  Ծուլության համաշխարհային օրը դեռ պաշտոնական կարգավիճակ չունի։ 

Ծուլությունը հիմնականում ասոցացվում է ձանձրույթի կամ հոգնածության հետ։ Սա տեղի է ունենում ոչ բավականաչափ հանգստի կամ էլ բացարձակապես ոչինչ չանելու արդյունքում։ Այսպիսով, օրվա նպատակն է՝ հասարակության ուշադրությունը հրավիրելու հանգստին և սիրելի հոբբիներով զբաղվելուն, ինչը կարող է վանել ծուլության զգացողությունը։

Դե, ծուլությունը հաղթահարելու մեթոդներ շատ կան, բայց մենք այսօր կանդրադառնանք արդեն փորձված ու  տարածված  ձևերին։

Եկեք կազմենք փոքրիկ ցուցակ, որի առաջին կետում կառանձնացնենք առաջադրանքները հստակեցնելը, քանի որ, որտեղ կա անորոշություն, այնտեղ էլ՝ ծուլություն։ Օրինակ, ննջասենյակը կարգի բերելը այնքան էլ հաջող առաջադրանք չէ, քանի որ հստակորեն չենք պատկերացնում մեր անելիքը՝ ինչն է մեզ խանգարում, ինչը պետք է ուղղել կամ ինչին ուշադրություն դարձնել։

Խոստովանենք, որ շատերս ենք սիրում առաջադրանքը թողնել վերջին օրվան ։ Ծուլությանը հաղթելու արդյունավետ մեթոդերից մեկը առաջադրանքի վերջնաժամկետը  կրճատելն է։ 

Օրինակ, եթե շարադրությունը պետք է ներկայացվի ուրբաթ, ապա՝ ինքներս մեզ համար կարող ենք վերջնաժամկետը սահմանել չորեքշաբթին: Սկզբում, գուցե, ծուլանանք, բայց, երբ վերջնաժամկետի օրը մոտենա, մեզ ավելի հանգիստ կզգանք։

Իսկ գիտե՞ք, որ մենք  հաճախ ծուլանում ենք նաև այն դեպքում, երբ առաջադրանքը մեծ է, ճնշող կամ վախեցնող։Ես մի մեթոդ գիտեմ, որն օգնում է նման դեպքերում՝ նկարե՛լ վախը։ Այո՜, դուք ճիշտ լսեցիք։ Եթե լարվածություն ենք զգում, առաջադրանքը ներկայացնելուց կամ կարևոր քննությունից առաջ, ապա՝ կարող ենք փոքրիկ թղթի վրա նկարել նախշեր, գծապատկերներ կամ մեզ սիրելի առարկաներ։ 

Եվ վերջում՝ ծուլությանը կկարողանանք հաղթել, եթե վեր կենանք ու պարզապես գործենք։ Չպետք է սպասենք հարմար կամ կատարյալ պահի։ Երբեմն մենք մեր ծուլությունն արդարացնում ենք նրանով, որ առաջադրանքն ավարտելու համար դեռ իդեալական պայմաններ չկան։ Օրինակ՝ հանձնարարված նյութը կարդալու համար պետք է գրասեղանին կարգ ու կանոն լինի, պետք է մոտիվացված լինենք, հանգստանանք, քաղցած չլինենք, ամեն ինչ միանգամից անենք և այլն։Հիշեք, որ որևէ բան միշտ էլ մեզ շեղելու է, բայց մեր ընտրությունն է՝ պարտվե՞լ ծուլությանը, թե՞ հաղթել։

Ցուցադրել ավելի
Back to top button