Զարթուցիչ

11-րդ Համահայկական հայագիտական օլիմպիադան. Զարթուցիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը օգոստոսի 15-ից 19-ը, արդեն 11-րդ անգամ, անցկացրել է Համահայկական հայագիտական օլիմպիադան:

Այս տարի օլիմպիադային մասնակցել է 14-18 տարեկան 53 պատանի՝ Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Իսպանիայից և Քուվեյթից:

Օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

Օլիմպիադան անցկացվել է երեք թեմատիկ ուղղությամբ՝ հայոց լեզու, գրականություն և հայոց պատմություն: Հարցաշարերը կազմել են մասնագիտական հանձնաժողովները, որոնց կազմը համալրվել է տարբեր բուհերից: Օլիմպիադան այս տարի անցկացվել է այլ ձևաչափով՝ որպես ստուգատես, այլ ոչ թե մրցույթ, հետևաբար հաղթողներ չեն առանձնացվել:

Օլիմպիադայի կազմակերպման գործընթացում նոր ձևաչափ էր նաև վիկտորինան, որին մասնակցող թիմերը ձևավորվել են տարբեր համայնքների պատանիներից։ Վիկտորինայի հարցերից յուրաքանչյուրի պատասխանը մասնագետի կողմից վերլուծվել և ներկայացվել է երեխաներին՝ ամրապնդելու գիտելիքը:

Օլիմպիադայի շրջանակում անցկացվել են երգի, ասմունքի միջոցառումներ, խոհարարական վարպետության դասեր, ուսումնաճանաչողական այցեր Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդ վանական համալիր և Սևանավանք:

Օլիմպիադայի ավարտին երեխաներին տրվել են մասնակցության վկայականներ, իսկ համայնքներին՝ խորհրդանշական նվերներ:

Ցուցադրել ավելի
Back to top button