Հնագետ, ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը երկար տարիներ զբաղվում է հնագիտության, Ուրարտուի պատմության ուսումնասիրությամբ, պեղումներ է իրականացրել այնպիսի կարևոր հնավայրերում, ինչպիսիք են Էրեբունին, Կարմիր բլուրը, Օձաբերդը։
«Տնային աշխատանք մասնագետի հետ» շարքի այս և հաջորդ երկու զրույցները, որոնք պարոն Բադալյանը ներկայացնում է ձեզ, հին աշխարհի կարևորագույն տերություններից մեկի՝ Ուրարտուի մասին են լինելու։ Հետևեք և բացահայտեք ձեզ համար միշտ հետաքրքիր ու խորհրդավոր Ուրարտուն․․․
Մ․ Բադալյան – Նախ պետք է հասկանալ, թե ինչ է Ուրարտուն և մոտավորապես երբ է այն կազմավորվել։ Պետք է հասկանանք, թե այն ժամանակ՝ մեզնից մոտավորապես 3000 տարի առաջ, Հին աշխարհում ի՞նչ էր տեղի ունենում։
Այդ ժամանակ Հայկական լեռնաշխարհից հարավ խիստ զարգացել էր Ասորեստանի կայսրությունը, և Ասորեստանի արքաները փորձում էին նվաճել նաև Հայկական լեռնաշխարհի հարավային հատվածները։ Այդ հատվածները գլխավորապես հիշատակվում են «Նաիրի» անունով։ Եվ Ասորրեստանի տարբեր թագավորներ նշում են Նաիրիի տարբեր երկրների թագավորներին հնազանդեցնելու կամ նվաճելու մասին։
Երբ կան տարբեր ցեղեր, և ինչ–որ մեկն ուզում է քեզ նվաճել, պետք է փորձել միավորվել։ Եվ նաիրյան ցեղերը, որոնք հասել էին բավական բարձր սոցիալական, քաղաքական զարգացման, սկսեցին միավորվել ընդդեմ ընդհանուր թշնամու։
Նրանք հիմնականում ունեին կիկլոպյան ամրոցներ։ Իսկ ի՞նչ է կիկլոպյան ամրոցը։ Մենք լսել ենք Հին Հունաստանի առասպելաբանությունից մեկ աչք ունեցող առասպելական էակների՝ կիկլոպների մասին։ Կային շատ խոշոր քարերով կառուցված ամրոցներ, որոնց մասին ժամանակին մտածում էին, որ դրանք սովորական մարդը չի կառուցել, այլ՝ կիկլոպները։ Այդ պատճառով այդ ամրոցները կոչեցին «կիկլոպյան ամրոցներ»։ Իրականում այդ ամրոցները հենց սովորական մարդիկ են կառուցել՝ օգտագործելով շատ հետաքրքիր շինարարական և ինժեներական տեխնիկաներ։ Այս տարածքներում մարդիկ հիմնականում օգտագործում էին սև խեցեղեն, հավատում էին իրենց աստվածներին, և էս ամբողջ մշակույթը Հայկական լեռնաշխարհի տարածքում գրեթե նույնն է։ Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ եթե խոսում ենք մշակութային ընկալման վերաբերյալ, ապա Հայկական լեռնաշխարհն այս առումով գրեթե միատարր է։
Հայկական լեռնաշխարհի տարածքում կար ևս մեկ շատ հզոր, կարևոր ցեղային համադաշնություն, այսինքն՝ տարբեր ցեղերից բաղկացած մի միավորում, որը կոչվում էր «Էթիունի»։ Քչերը գիտեն Էթիունիի մասին։ Այսօրվա Հայաստանի տարածքի գրեթե մեծ մասը զբաղեցրել է Էթիունի ցեղային համադաշնության տարածքը։ Եվ նաիրյան ու էթիունյան գոտիները զարգանում էին․․․
Շարունակությունը՝ զրույցի մեջ: