Հիթ 1

Բիթլզի հայտնի` Abbey Road խաչմերուկը. Հիթ 1

Հիթ Մեկ հաղորդաշարի նոր թողարկումը նվիրել եմ Աբբի Րոուդ ալբոմին, որն էլ համանուն փողոցի անունն է կրում էսպես կոչված Մեծ Լոնդոնում։

Սա համաշխարհային համբավ վայելող The Beatles-ի երևի թե ամենից հաջող ու իհարկե՝ նաև ամենից լավ հանրահռչակված ալբոմն է, որում ընտիր երգերի իսկական շքերթ է։ Չիմացողների կամ չհիշողների համար տամ դրանց բոլորի անունները՝ «Come Together», «Something», «Maxwell’s Silver Hammer», «Oh! Darling», «Octopus’s Garden», «I Want You (She’s So Heavy)», «Here Comes the Sun», «Because», «You Never Give Me Your Money», «Sun King», «Mean Mr. Mustard», «Polythene Pam», «She came In Through the Bathroom Window», «Golden Slumbers», «Carry That Weight», «The End», «Her Majesty»:

Աբբի Րոուդ փողոցի ստուդիայում Բիթլզը, 1962 թվականից մինչ 1970-նն ընկած 8 տարիների ընթացքում ձայնագրել է իր 213 երգերից 190-ը։

1969թ. օգոստոսի 8-ին, Ջոն Լենոնը, Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը և Րինգո Սթարը առավոտյան ժամը 11.30-ին հայտնվեցին Աբբի Րոուդում և մի քանի անգամ անցան այն մայթից մայթ, որ նկարվեն իրենց վերջին, տասնմեկերորդ ստուդիական, համանուն ալբոմի շապիկի համար։

Լոնդոնի հյուսիսում գտնվող ձայնագրման ստուդիայի փողոցը հատող չորս բիթլերի պատկերով սկավառակի շապիկը ստեղծվել է ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Փառք լուսանկարիչ Յան Մաքմիլանին, նկարահանումները տևել են ընդամենը 15 րոպե։ Այդ օրը նա վեց նկար արեց, նկարը որն ի վերջո ընտրվեց շապիկի համար, թվով հինգերորդն էր:

Ընտրվեց հինգերորդը, քանզի լուսանկարիչը գտավ, որ դա միակ պատկերն է, ուր բոլոր չորս մասնակիցների ոտքերի դիրքը հիշեցնում է անգլերեն այբուբենի «V» տառը, գլծխիվայր շրջված։

Beatles-ի տղաները հատել էին խաչմերուկը երեք անգամ (ձախից աջ և հակառակը՝ աջից ձախ): Փոլ Մաքքարթնին ֆոտոշարքի էր եկել սանդալներով, բայց երկու կադրից հետո հանել էր դրանք, իր իսկ բացատրությամբ՝ շոգի պատճառով: Սակայն Ջոն Լենոնը դա չէր նկատել: Դա ՄաքՔարթնիի հերթական փոքրիկ հնարքներից էր, նա միշտ էլ եղել է ստեղծամիտ և ցանկացել է մյուսներից տարբերվել։ Սակայն ոչ ճչացող հնարքներով: Լեննոնը ոչինչ չէր նկատել մինչև էն օրը, երբ ձեռքն էր առել արդեն պատրաստ ալբոմը։

Չափազանց մարդաշատ էր շուրջը, ֆանատիկոսներն իմացել էին ֆոտոշարքի մասին և իրար ձայն տալով, գնալով ավելի ու ավելի ստվար էին դառնում նրանց շարքերը։ Շոգն էլ դառնում էր անտանելի, մի մոռացեք՝ օգոստոսի 8-ն էր: Բարեբախտաբար, պատահաբար անցնող ոստիկանը բարեհաճորեն կանգնեցրեց ոչ շատ ինտենսիվ երթեւեկությունը, որ լուսանկարիչն իր առջև դրված խնդիրը լուծի։ Ամբողջը տևեց մոտ 30 րոպե:

Սա բրիտանական Beatles-ի միակ օրիգինալ ալբոմն է, որի շապիկին չկա ոչ խմբի անունը, ոչ էլ անգամ ալբոմի անունը։ Որովհետև, ըստ էության կարիք չկար ձայնասկավառակի շապիկին գրել խմբի անունը՝ Բիթլզն աշխարհի ամենահայտնի խումբն էր։ Ահա էսպիսի ինքնավստահություն, հանուն արդարության ասենք՝ ամբողջովին արդարացված։

Էս տարի, օգոստոսի 8-ին ահագին մարդ էր հավաքվել Աբբի Րոուդում, նշելու հանրահայտ լուսանկարի 55 ամյակը։ Ի դեպ, Աբբի Րոուդում ֆանատիկոսները տասնամյակներով գողանում էին բոլոր հնարավոր փողոցային նշանները, ավելի ճիշտ՝ հնարավոր էն ամենն, ինչը կարող էր թեկուզև թեթևակի առընչություն ունենալ աշխարհի երևի թե ամենահայտնին դարձած փողոցին։ Կան նույնիսկ լուսանկարներ՝ գողերին պատկերող, նրանք չեն էլ փորձում թաքնվել և նրանց մեջ քիչ չեն աղջիկները․․․

Վերջում ևս մի հետաքրքիր, փոքրիկ փաստ՝ 1969-ին արված լուսանկարում պատահաբար կադրում հայտնվել է սպիտակ Volkswagen Beetle-ը, որի տերը մոտակայքում ապրող բնակիչներից էր։ Ալբոմի թողարկումից հետո նրա համարանիշը նույնպես բազմիցս գողացել են, որպես հիշատակ։ Իսկ 1986 թվականին մեքենան աճուրդում գնվել է Sotheby’s-ի կողմից ԱՄՆ-ից մի կոլեկցիոների կողմից, մոտ 4 հազար դոլարին համարժեք անգլիական փաունդով։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button