Առաջինդասարանցիների մայրիկների համար, կարծում ենք, հետաքրքիր կլինի Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի Անժելա Մանասյանի հետ զրույցը։ Երկարամյա աշխատանքի ընթացքում արած նրա դիտարկումները, խորհուրդները կարող են օգտակար լինել և հուշել, թե, օրինակ, ի՞նչ պետք է անել այս կամ այն իրավիճակում և ի՞նչ չպետք է անել։
Ա․ Մանասյան – Ցանկացած դեպքում, երբ ընտանիքում որևէ փոփոխություն է կատարվում, մենք՝ մասնագետներս, առաջին հերթին աշխատանք ենք տանում ծնողի հետ։ Բացատրեմ՝ ինչու։ Երեխան ավելի հեշտ ընկալում է էմոցիան, քան խոսքը։ Եվ երբ ընտանիքում որոշակի փոփոխություն է լինում, երեխան զգում է ծնողի՝ հատկապես այն ծնողի ապրումները, հույզերը, որի հետ ավելի շատ է կապված։ Եթե ծնողն ուրախ է, ոգեշնչված է, դրականի սպասումով է, երեխան էլ է սեփականում նրա ապրումները և սպասում, որ իր հետ ինչ–որ լավ բան է լինելու։ Եվ հակառակը․ եթե ծնողն անհանգիստ է, կան վախեր, կասկածներ, երեխայի մոտ ևս առաջանում է լարվածություն, ինչն էլ հանգեցնում է ընտանիքի ընդհանուր լարվածությանը։ Այնպես որ՝ շատ կարևոր է դպրոց գնալուց առաջ նախ ծնողը հոգեբանորեն պատրաստ լինի, որ երեխան շուտով դպրոց է գնալու, և զրույց ունենա նրա հետ, բացատրի, թե ուր է գնալու, ինչ է դպրոցը, այնտեղ ինչ պետք է անի և իր տագնապները չփոխանցի երեխային։
Շատ կարևոր է երեխայի ինքնուրույնությունը․ մինչև դպրոց հաճախելը ծնողն այստեղ աշխատանք ունի տանելու։ Որքան երեխան ինքնուրույն է, այնքան երեխայի համար ադապտացիոն փուլն ավելի հեշտ կընթանա։ Եթե երեխան գիտի ինքնուրույն զգեստափոխվել, դա շատ կարևոր է պարի և ֆիզկուլտուրայի դասաժամերին, որպեսզի ուսումնական գործընթացը սահուն ընթանա։
Երեխան պետք է կարողանա օգտվել պետքարանից, կարողանա ինքնուրույն սնվել, որովհետև եթե երեխան ինքնուրույն սնվելու ունակություն չունի, սա ևս մեկ պատճառ է, որ ծնողն անհանգստանա՝ մտածելով, թե արդյո՞ք դասվարը նկատեց, ուշադիր եղավ։ Չնայած դասվարները միշտ ուշադիր են, ամեն դեպքում, ծնողն աշխարհում իր համար ամենաթանկ էակին վստահել է դասվարին, և բնական է, որ պետք է անհանգստանա։ Իսկ եթե երեխան ինքնուրույն է, գոնե այդ մասով ծնողը հանգիստ է լինում և ավելորդ լարվածություն չի լինում։
Հաջորդ դիտարկումը, որը ևս կարևոր է, օրվա ռեժիմի կարգավորումն է․․․
Շարունակությունը՝ զրույցի մեջ: