Հնագետ, ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը շարունակում է հին աշխարհի կարևորագույն տերություններից մեկի՝ Ուրարտուի մասին իր զրույցը։
Մ․ Բադալյան – Այսօր խոսելու ենք Իշպուինիի, Իշպուինիի և Մենուայի համատեղ գահակալության և Մենուայի գահակալության մասին․ շատ կարևոր արքաներ, որոնք վճռորոշ դեր են կատարել հայոց պատմության, ընդհանրապես տարածաշրջանի պատմության և հին Մերձավոր Արևելքի քաղաքական զարգացման գործընթացում։
Հիշու՞մ եք, խոսում էինք, որ Հայկական լեռնաշխարհում կային տարբեր ցեղային միություններ, և կար Ասորեստանի վտանգը։ Այս ցեղային միությունները միավորվում էին, և Ուրմիա լճից դեպի Արևմուտք, ասորեստանյան աղբյուրների համաձայն, կար մի միապետ, որի անունն էր Ուշպինա։ Սա նույն ուրարտական Իշպուինի արքան է, որը ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է «Ուշպինա» ձևով։
Ուշպինան կարողանում է աստիճանաբար միավորել շրջակա հատվածները և, ըստ երևույթին, նաև Տուշպա քաղաքն է ընկնում նրա գերիշխանության տակ։
Շատ կարևոր է, որ Իշպուինին կատարում է լուրջ քաղաքական և կրոնական ընտրություն։ Երբ պետք է միավորել ցեղերը, միավորել լեռնաշխարհը, միասնական գաղափար ստեղծել, ընտրվում է մեկ կարևորագույն աստված, որն սկսում է գերակա դիրք գրավել մյուս աստվածների նկատմամբ։ Այդ աստվածը Խալդին էր։ Խալդին դառնում է ուրարտական տերության գերագույն աստվածը։ Եվ Խալդին նաև նույնանում էր արքայի գաղափարի և կերպարի հետ։ Պատահական չէր, որ իր արձանագրություններից մեկում Իշպուինին իրեն անվանում է «Խալդի աստծո ստվերը»․ այսինքն՝ նա Խալդի էր երկրի վրա։ Ինչու՞ է դա արվում․ որպեսզի արքան դառնա աստծո փոխանորդը երկրի վրա և երբ նա, օրինակ, նվաճում էր մի երկիր, դա հո միայն ի՞նքը չէր նվաճում, դա Խալդին էր նվաճում, արքան էլ Խալդիի կամքն էր կատարում։ Նա ամեն ինչ անում էր խալդյան զորությամբ և հովանավորությամբ․․․
Շարունակությունը՝ զրույցի մեջ: