Թե՛ տարվա ամենագեղեցիկ եղանակը՝ աշունը, և թե՛ նոր ուսումնական տարին կարող ենք համարել սկսվա՜ծ։
Հույս ունենք, որ սեպտեմբերը լավ եք դիմավորել՝ բարձր տրամադրությամբ ու նոր ծրագրերով։ Մենք էլ մեր հերթին մի քանի օգտակար խորհուրդ ենք առանձնացրել, որոնց կանդրադառնանք քիչ անց։
Դե, ինչպես ցանկացած գործընթաց, այնպես էլ՝ ուսումնական տարին ցանկալի է սկսել անձնական ծրագրերով։ Մենք կարող ենք կիսամյակի կամ ողջ տարվա համար ստեղծել անհատական ծրագիր, որտեղ կարող ենք գրանցել կարևոր քննությունների ամսաթվերը, դրանց նախապատրաստվելու վերջնաժամկետները և առանձնացնել՝ մեզ համար բարդ թվացող դասաժամերը։ Այդ փոքրիկ սխեման մեզ կօգնի ողջ ընթացքում լինել կենտրոնացած և արդյունավետ։
Էլ ինչ նոր ուսումնական տարի՝ առանց նոր նպատակների։ Ընդ որում՝ մեր նպատակները կարող են լինել երկարաժամկետ կամ կարճաժամկետ։ Ուսումնական հստակ նպատակներ սահմանելու դեպքում՝ մենք կկարողանանք կենտրոնանալ իսկապես մեզ համար կարևոր հարցերի վրա։
Ինչպես ասում են՝ «ոչ թե միջավայրն է գեղեցկացնում մարդուն, այլ մարդը՝ միջավայրին»։ Դուք էլ եք կարծում չէ՞, որ գեղեցիկ կազմակերպված տարածքում աշխատելը ավելի մոտիվացնող է։ Ուստի՝ սովորելու համար պետք է ստեղծել հարմարավետ, հանգիստ վայր՝ զերծ ավելորդ աղմուկից ու շեղող հանգամանքներից։
Զարթուցիչում երբեմն խոսում ենք ժամանակի արդյունավետ կառավարման մեթոդների մասին։ Իսկ, երբ հերթը ուսումնական տարվա պլանավորմանն է հասնում, ապա, կարևոր է առաջադրանքների ճիշտ առաջնահերթությունն ընտրելը, Պոմոդորոյի տեխնիկան (25 րոպե սովորում ենք, 5 րոպե՝ հանգստանում), ինչպես նաև՝ ոչ պակաս կարևոր է նաև ուշադրությունը շեղելը նվազագույնի հասցնելը։
Այժմ խոսենք արդյունավետ ուսուցման համար անհրաժեշտ հմտությունների մասին։ Դե, առաջին և ամենակարևոր հմտություններից մեկը ուսուցիչներին ու դասախոսներին ակտիվ լսելն է։ Ի դեպ՝ քննարկումների ժամանակ հարցեր տալը մեզ կարող է օգնել ավելի լավ հասկանալ օրվա նյութը:
Հավանաբար դուք էլ եք նկատել, որ նշումներ անելը գործնականում շատ օգտակար է։ Դասերի ընթացքում կարճ գրառումներ կատարելը ևս կարող է օգտակար լինել, քանի որ դրանք օգնում են հիշել տեղեկատվությունը, և անհարժեշտության դեպքում կրկնել այն։
Խոսեցինք տեղեկատվությունը հիշելու մասին, ուստի՝ ժամանակն է ձեզ ներկայացնելու նաև մի հետաքրքիր պրակտիկա, որը կոչվում է հիշողության տեխնիկա։ Եթե զգում եք, որ դժավարանում եք հիշել նյութը, ապա՝ բարդ տեղեկատվությունը հիշելու համար օգտագործեք ասոցիացիաներ կամ վիզուալիզացիա։
Այսինքն՝ որևէ անվանում կամ տարեթիվ կարող եք ասոցացնել որևէ այլ անվան կամ տարեթվի հետ, ինչպես նաև՝ վիզուալ ֆիքսել, թե ե՞րբ եք այդ մասին կարդացել, ո՞ր գրքում, ո՞ր թեմայի մեջ էր ներառված և այլ դետալներ։