Օրացույցը հիշեցնում է, որ սեպտեմբերի 5-ը բարեգործության միջազգային օրն է։ Աշխարհը լի է բարի գործերով, և բարեգործների շնորհիվ ամեն օր աշխարհում մեկնումեկը դուրս է պրծնում անհուսությունից ու հավատում, որ ամեն ինչ կարող է փոխվել դեպի լավը։ Կեցցեն բարի գործերի բոլոր հեղինակները։
Բարեգործությունն էլ, պարզվում է, ոսկի կանոն ունի․ թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ արեց աջը․․․Այսինքն՝ անգամ ինքդ քեզ համար թաքուն արա բարի գործդ․․․
Եվ մեկն էլ կա, որը բոլորս գիտենք փոքր տարիքից սկսած, երբ առաջին անգամ լսում կամ կարդում ենք Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթը․ լավություն արա ու թեկուզ ջուրը գցիր՝ չի կորչի․․․
Բարեգործությունն այն երևույթն է, որը չի սիրում, որ շատ խոսեն իր մասին։ Մենք էլ ոչինչ չենք ավելացնի ասվածին․ թող լուռ ու աննկատ շատանան բարի գործերն աշխարհում․․․
Իսկ հիմա բոլորիդ հրավիրում ենք «Զարթուցիչի» հյուրասրահ․ այսօր մեր հյուրերն են «Դիզակ արտ» մշակութային կենտրոնի թատերական խմբակի ղեկավար Սրբուհի Բալայանը և կենտրոնի սաներ Աննա Շաբուրյանն ու Սերգեյ Արզումանյանը:
Մի քանի օրից՝ սեպտեմբերի 9-ին, «Դիզակ արտ» մշակութային կենտրոնի թատերական խմբակը Երևանում՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, հանդես կգա նոր ներկայացման առաջնախաղով․ կներկայացվի Ալ․ Մանասյանի «Արա պա ստի պեն կինի՞» ստեղծագործությունը: