Երբևէ լսե՞լ եք կենսաբանական պայքարի, բնության մեջ հանդիպող վնասատու և օգտակար միջատների, ինչպես նաև՝ նրանց միջև սկսված պատերազմի մասին։ Եթե ոչ, ապա՝ խոստանում ենք, որ առաջիկա տասը րոպեների ընթացքում միասին ձեռք կբերենք նոր գիտելիք, որը մեզ պետք կգա, երբ սենյակային բույսերի, մշակաբույսերի, հողի, բերքի ու այգիների խնամքի հարցում որոշենք օգնել մեր ծնողներին կամ տատիկին ու պապիկին։
Վնասատու միջատները տարածում են մարդու առողջությանը սպառնացող տարբեր հիվանդություններ՝ սկսած մալարիայից։ Վնասատու միջատներից են մոծակները, լվերը, ճանճերը, տզերը և այս շարքը կարելի է անվերջ թվել։ Սակայն, այս միջատները միայն մարդու առողջությանը չեն սպառնում, կարող են լուրջ վնաս հասցնել նաև էկոլոգիային։
Օրինակ՝ մակաբույծ ճանճերը կարող են սպառնալ ամբողջ էկոհամակարգերին՝ վտանգելով կենդանիների պոպուլյացիաների պահպանությունը։ Այլ վնասատուներ՝ ինչպիսիք են մրգային ճանճերը, թիթեռներն ու ցեցերը, ոչնչացնում են մշակաբույսերը՝ միաժամանակ վնաս հասցնելով թե՛ այգեգործներին և թե՛ ներքին ու արտաքին առևտրին:
Ըստ որոշ ուսումնասիրությունների, 2021 թվականի տվյալներով, վնասատու միջատները ոչնչացրել են աշխարհում բերքի մինչև 40%-ը՝ հասցնելով 220 միլիարդ դոլարի վնաս։ Բայց լավ նորություն էլ կա՝ այսօր կան վնասատու միջատների դեմ պայքարելու այլընտրանքներ ու բնությունն էլ հոգացել է այդ մասին։
Կենսաբանական պայքարում կան, այսպես ասած, «չար ու բարի միջատներ», որոնց ընդունված է անվանել վնասատու և օգտակար։ Այդ օգտակար՝ մսակեր միջատները, ոչնչացնում են վնասատու միջատներին՝ այդ ճանապարհով օգնելով գյուղացուն՝ պահպանելու բերքը։
Ի դեպ, վնասատուները մշակաբույսերը վնասում են ինչպես դրսից, այնպես էլ՝ ներսից։ Սակայն հետաքրքիրն այն է, որ հաճախ փակ հողում վնասն ավելի նկատելի է լինում, քանի որ ջերմոցային կլիման ավելի բարենպաստ է վնասատուների համար։
Բույսերի վնասատուների դեմ պայքարելու համար փորձագետները խորհուրդ չեն տալիս օգտագործել քիմիական նյութեր, քանի որ դրանք վնասակար միջատների հետ մեկտեղ ոչնչացնում են նաև օգտակար միջատներին։
Բնության մեջ գոյություն ունեցող կենսաբանական պայքարի, չար ու բարի միջատների և նրանց դեմ պայքարելու մեթոդների մասին առավել մանրամասն մեզ կպատմի մեր այսօրվա հյուրը՝ միջատաբան Մարգարիտ Տիգրանյանը։