Ռադիոլաբ

Դուրովի բանալիները․ ո՞ր ուղղությամբ կփոխվի Տելեգրամը

Այս թողարկմանն անդրադարձել ենք վերջերս բավականին քննարկվող ու աղմուկ հանած մի թեմայի. խոսքը ռուս ծրագրավորող և ձեռնարկատեր Պավել Դուրովի ձերբակալության ու վերջինիս հիմնադրած Տելեգրամ հարթակի շուրջ ձևավորված մեղադրանքների մասին է:

Գանք պատմության սկզբից: 1984 թվականի հոկտեմբերի 10-ին Լենինգրադ քաղաքում՝ ներկայիս Սանկտ Պետերբուրգում, ծնվում է Պավել Դուրովը: Լավ, համաձայն եմ, շատ հեռվից սկսեցի: Եվ այսպես, 2006 թվական. կարմիր դիպլոմով ավարտելով Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը Դուրովը ստեղծում է «Վկոնտակտե» սոցիալական ցանցը: Այն միանգամից առաջատար դիրք է գրավում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև նախկին Խորհրդային միության երկրների մի մասում: Կարծես թե ամեն ինչ շատ բարեհաջող էր, և Դուրովը արագ համալրում է երիտասարդ միլիարդատերերի շարքը:

«Այն, ինչը դուք տնօրինում եք, վաղ թե ուշ սկսում է ձեզ տնօրինել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ես ակտիվորեն ձերբազատվեցի սեփականությունից՝ հանձնելով և վաճառելով այն ամենը, ինչ ես ունեի՝ սկսած կահույքից և իրերից մինչև անշարժ գույք և ընկերություններ։ Իդեալին հասնելու համար ինձ մի բան է մնացել՝ ազատվել իմ կարողության ամենախոշոր մասից՝ «ՎԿոնտակտե»-ի 12%-անոց բաժնեմասից» — Դուրովի խոսքերն են:

2014 թվականի ապրիլի 1-ին Պավել Դուրովն իր էջում հայտնեց «ՎԿոնտակտե» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին՝ դա բացատրելով ունեցած ազատ գործողությունների սահմանափակմամբ, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 3-ին հետ վերցրեց իր հեռանալու մասին հայտարարությունը: Իսկ հետո արդեն պարզվեց, որ դա ամենևին էլ ապրիլմեկյան կատակ չէր. ապրիլի 21-ին «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի սեփականատերերը բավարարեցին Դուրովի աշխատանքից ազատման դիմումը:

Պավել Դուրովը հայտարարեց, որ 2013 թվականի դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ցանցի ղեկավարությունից պահանջել է իրենց տրամադրել «Եվրոմայդան» խմբի կազմակերպիչների մասին անձնական տեղեկատվություններ, ինչին ինքը մերժումով է պատասխանել։ Հենց դեկտեմբերին էլ տեղի ունեցավ «Վկոնտակտե» ընկերության բաժնեմասերի վաճառքի գործարքը:

2014 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Դուրովը մեկնել է արտասահման և չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան։ Այդ մասին նա հայտնեց հարցազրույցներից մեկում: «Ցավոք, այս երկրում հնարավոր չէ ինտերնետ-բիզնես վարել» — ասել է Պավել Դուրովն ու ավելացրել. «Վախենամ՝ ինձ համար հետդարձի ճանապարհ չկա։ Հատկապես այն բանից հետո, երբ ես հրապարակայնորեն հրաժարվեցի համագործակցել իշխանության հետ»։

Իսկ արդյո՞ք այդպես է դա: Արդյո՞ք Դուրովը շուրջ 10 տարի է, ինչ լքել է Ռուսաստանը, չունի որևէ առնչություն ռուսական իշխանությունների հետ: Այս ամենը կասկածի տակ դրվեց 2024 թվականի օգոստոսի 24-ին Ֆրանսիայի ոստիկանության կողմից Դուրովի ձերբակալությունից հետո, երբ դեպքին անմիջապես արձագանքեցին ՌԴ ԱԳՆ-ն ու տեղական իշխանական լրատվամիջոցները, իսկ պրոռուսական մի շարք գործիչներ հանրային աջակցություն ցուցաբերեցին երբեմնի վտարանդի Դուրովին:

Լսենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խորհրդատու, մեդիափորձագետ Արթուր Պապյանի մեկնաբանությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button