Լուրեր

«Փարիզյան հանդիպումներ». ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտաս թանգարան-ինստիտուտը Ե․Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ ներկայացնում է «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը՝ Կոմիտաս Վարդապետի 155-ամյակի շրջանակում։

Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ծաղիկներ կխոնարհեն նրա շիրիմին, պանթեոնում կանցկացվի նաև հոգեհանգստյան արարողություն։ 

Նույն օրը՝ Ժամը 16:00-ին, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես, որը նվիրված է հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկան Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին։

Ցուցադրության շրջանակում կներկայացվեն շուրջ 150 արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից՝ վավերագրեր և լուսանկարներ, Հայաստանի ազգային պատկերասրահից՝ կտավներ, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտից՝ Լալուա ընտանիքի արխիվի փաստաթղթեր։ Ցուցադրության տարբեր բաժիններ նվիրված կլինեն Մարգարիտ Բաբայանի գործունեության տարբեր ոլորտներին՝ ներկայացնելով Մարգարիտ Բաբայանի և Կոմիտաս վարդապետի մտերմությունը նամակագրության միջոցով։

Միջոցառման նպատակն է ցուցադրության ձևաչափով ներկայացնել Մարգարիտ Բաբայանի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև 20-րդ դարի Ֆրանսիայի հարուստ մշակութային կյանքը։

Ցուցադրել ավելի
Back to top button