Զարթուցիչ

Walt Disney-ի հարուստ ժառանգության ոչ հայտնի, բայց արժեքներ ձևավորող մի քանի մուլտֆիլմեր

«Առյուծ արքա», «Գեղեցկուհին և հրեշը», «Փիթեր Փեն» ․․․ այս և այլ հայտնի մուլտֆիլմերը, վստահ ենք, շատերիս են ծանոթ։

Իսկ ի՞նչ, եթե ասենք, որ այս մուլտֆիլմերի կողքին կան նաև այլ իմաստալից ու հիմնարար արժեքներ ստեղծող մուլտֆիլմեր, որոնք, սակայն, փոքր ինչ թերագնահատված են և կարծես դուրս են մնում Walt Disney-ի ժառանգությունից։ 

Առաջիկա տասը րոպեների ընթացքում փորձենք միասին պարզել, թե ի՞նչ մուլտֆիլմեր կարող ենք դիտել՝ հատկապես աշնանային այն օրերին, երբ թվում է` տխրում ենք, ձանձրանում կամ էլ մռայլ օրը չի տրամադրում դուրս գալ բակ՝ խաղալու։

Դե ինչ, մեր ցանկը սկսենք «Երեք կաբալերո» մուլտֆիլմից, որը մի շարք այլ մուլտֆիլմերի հետ Walt Disney-ին պատվիրել էր Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը։ Դրանք ունեին հատուկ նպատակ՝ բարելավելու ԱՄՆ-ի հարաբերությունները՝ հարավամերիկյան երկրների հետ։ 

Դե, Walt Disney-ի մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ նաև  այս ստուդիայի գլուխգործոցներից մեկին։ Մուլտֆիլմը կոչվում է «Աղվեսը և որսաշունը»։ Թեև այս մուլտֆիլմը որոշ չափով ստվերում է մնացել, այնուամենայնիվ, եղել և մնում է՝ ընկերության մասին լավագույն ու մի փոքր էլ տխուր ավարտով ֆիլմը։ Սցենարը հիմնված է Դենիել Մանիքսի համանուն վեպի վրա․ միշտ լինել լավ ընկերներ, մեծանալ միասին, բայց հայտնվել հակառակ բարիկադներում։ 

Մեր հաջորդ մուլտֆիլմը կհետաքրքրի հատկապես այն աղջիկներին, որոնք ունեն դեռևս մանկության տարիներից ծնված երազանքներ ու նպատակներ։ «Արքայադուստրը և գորտը» մուլտֆիլմը, ժամանակակից մուլտֆիլմերի արտադրության մեջ, կարծես, մոռացվում է, բայց այն կարևոր տարրեր է ներառում՝ ջազ, պարային կատարումներ, կենդանիներ, չարագործ վհուկ և, իհարկե, հերոսուհին, որը ցանկանում էր իրագործել իր ու իր հայրիկի անկատար մնացած երազանքը։ 

Երբևէ լսե՞լ եք Ատլանտիսի՝ մոռացված երկրի մասին։ Մուլտֆիլմը մի խումբ հետախույզների մասին է, որոնք ամերիկացի գիտնական Մայլոյի հետ ուղևորվում են դեպի կորած աշխարհ ու ամերիկյան մարտական նավի հետ ահռելի մեծ սուզանավով իջնում ջրի հատակը։ Կգտնե՞ն արդյոք մոռացված երկիրը կամ ողջ անձնակազմը կկարողանա՞ փրկվել ծովահրեշների հարձակումից։ Այս հարցերի պատասխանները թաքնված են մուլտֆիլմի առասպելական սցենարում։

«Ազնվազարմ կատուները» մուլտֆիլմը ևս այսօրվա մեր ցանկում է։ Դեպքերը զարգանում են Ֆրանսիայում ապրող ազնվական կատուների ընտանիքի շուրջ։ Նրանց տիրուհին իր ամբողջ ունեցվածքը կտակում է իր կատուներին։ Ծառայապետը առևանգում է այդ ազնվազարմ կատուներին, որ տիրանա տիրուհու ունեցվածքին։ Սակայն, արիստոկրատ կատուները, առևանգումից հետո, ծանոթանում են մի անտուն կատվի հետ, որն էլ նրանց օգնում է փախչել։

Եվ մեր ցանկը ավարտենք «Մեծ Մուկ Դետեկտիվը» մուլտֆիլմով։ Օլիվիա անունով մուկը տոնում է իր ծննդյան տարեդարձը հայրիկի հետ։ Բայց անսպասելիորեն  նրան առևանգում է մի Ֆիդջետ անունով կաղ չղջիկ։ Այդ ժամանակ Լոնդոն է ժամանում մի թոշակառու զինվորական բժիշկ, որը եկել էր մայրաքաղաք Աֆղանստանում երկարատև ծառայությունից հետո։ Ծանո՞թ սցենար է։ Ժամանելուց անմիջապես հետո նա փորձում է գտնել իր ընկերոջը՝ Բեյհկեր փողոցից, որը հայտնի է որպես մկների թագավորության հանրաճանաչ դետեկտիվների փողոց։ Պարզվում է, որ նա ապրում է Շերլոկ Հոլմսի տանը և հիմնականում կրկնում է իր նշանավոր գործընկերոջ աշխատելաոճը։ Այս մուլտֆիլմը ևս «պարտադիր դիտելու»-ների շարքից է:

Ցուցադրել ավելի
Back to top button