Ով կյանքում թեկուզ մեկ անգամ ծով տեսել է, անհնար է, որ նրա մտապատկերից ջնջվի այդ տեսարանը՝ անկախ այն բանից, թե ծովն ինչպես է ներկայացել հենց այդ մեկ անգամը՝ փոթորկվա՞ծ, խաղա՞ղ, ալիքների խաղո՞վ, սև ամպերը՝ գլխավերևի՞ն, թե՞ արևի լույսը գրկած․․․
Ծովի համաշխարհային օրը ՄԱԿ–ի սահմանած տոներից է և նշվում է յուրաքանչյուր սեպտեմբերի վերջին շաբաթվա որևէ օր։ Ամեն տարի այս օրը նվիրվում է երկրագնդի ծովային ռեսուրսների հետ կապված բնապահպանական որևէ խնդրի, իսկ այդպիսի խնդիրները շատ են, երբեմն՝ արդեն անլուծելի։
Ամեն տարի այս օրվան մենք էլ ենք անդրադառնում՝ ներկայացնելով հետաքրքիր տեղեկություններ ծովերի մասին։ Չխախտենք ավանդույթն ու ներկայացնենք այն հետաքրքիր տեղեկությունները, որոնք գտել ենք այս անգամ։
Քանի՞ ծով կա մեր մոլորակի վրա․ այս հարցի հստակ պատասխաններ գիտնականները չունեն․ 54՝ ասում են ոմանք, ոմանք էլ այդ թիվը հասցնում են 90–ի․ դե, արի ու ասա՝ քանի՞ ծով կա երկրի վրա․․․
Քարտեզների վրա ծովերն իհարկե հստակ սահմաններ ունեն, բայց, պարզվում է, «ծովի սահման» հասկացությունը բավականին հեղհեղուկ է՝ ջրի նման։ Օրինակ, Սև ծովը ցամաքը նվաճելուն ամենևին դեմ չէ և յուրաքանչյուր 100 տարին մեկ՝ ցամաքից 20-25 սմ խլում է։ Իսկ Կասպից ծովը, հակառակը՝ ցամաքին է տարածքներ զիջում։
Երկիր մոլորակի ամենամաքուր ծովը Ուեդդելի ծովն է համարվում։ Այն գտնվում է Արևմտյան Անտարկտիդայում, իսկ ամենաաղտոտվածի համարումը Միջերկրական ծովն ունի։ Եվ սա, հավանաբար այն պատճառով, որ ամենամեծ թվով պետություններ հենց Միջերկրականի ափերին են գտնվում։
Միջերկրական ծովը նաև ամենաբնակեցված ծովն է համարվում․ այստեղ 9000 տեսակ կենդանի արարած է բնակվում, իսկ օրինակ Սև ծովը քիչ բնակեցվածների շարքում է։
Ամենաաղի ծովը Կարմիր ծովն է։ Սա միակ ծովն է, որի մեջ ոչ մի գետ չի լցվում։ Հենց այս պատճառով է նրա ջուրը թափանցիկ ու աղի։ Կարմիր ծովը նաև ամենատաք ծովն է։
Մեզ հայտնի քիմիական տարրերի մեծ մասը պարունակվում է ծովի ջրում։ Աշխարհում արդյունահանվող մագնեզիումի մոտ կեսը հենց ծովից ջրի զտումով է ստացվում։ Ծովը նաև բրոմի արդյունահանման կարևոր աղբյուրներից է։ Իսկ ինչ վերաբերում է ոսկուն, ապա Համաշխարհային օվկիանոսի ջուրը մոտավորապես 20 մլն տոննա ոսկի է պարունակում, բայց ծովի ջրից ոսկին զատելը շատ ծախսատար գործ է, ու դրա համար արված ծախսը գերազանցում է ստացված արդյունքը։ Ահա թե ինչու ծովի ջրից ոսկի ստանալու համար ջանքեր առանձնապես չեն էլ գործադրում։
Աշխարհի ամենամեծ ծովերն են Սարգասյան և Ֆիլիպինյան ծովերը։ Սարգասյան ծովն առանձնահատուկ է նաև նրանով, որ հենց օվկիանոսի կենտրոնում է գտնվում և ափ չունի։ Իսկ Ֆիլիպինյան ծովը ամենախոր ծովն է, և հենց դրա տարածքում է գտնվում Մարիանյան իջվածքը։
Ծովերի մասին շատ–շատ հետաքրքիր ուրիշ տեղեկություններ կան, բայց դրանք փորձեք գտնել ինքներդ, եթե իհարկե, ծովը հետաքրքրում է ձեզ։