Այսօր Պստիկաշեն են եկել իմ լավ ընկերներ Լյուսին ու Ներսեսը։ Նախորդ անգամ, երբ նրանք եկան Պստիկաշեն, դեռ դպրոցական չէին, և այն ժամանակ մեր զրույցը մանկապարտեզի անցուդարձի, իրենց խաղերի, նաև՝ դպրոցի մասին պատկերացումների մասին էր, իսկ այսօր, ահա, և՛ Լյուսին, և՛ Ներսեսը դպրոցական են՝ առաջին դասարանցի, և ես մեր զրույցը, իհարկե, պետք է սկսեմ նախևառաջ նրանց շնորհավորելով։ Իսկ հետո էլ չեմ կարող չհարցնել՝ ի՞նչ կա–չկա դպրոցում և արդյո՞ք դպրոցում ամեն ինչ հենց այնպես է, ինչպես պատկերացնում էիք․․․
Պարզվում է՝ չէ՛, ինչ–որ բաներ մի քիչ տարբեր են։ Դե, օրինակ, Լյուսին կարծում է, որ դպրոցում իր սպասածից մի քիչ ավելի խիստ են, և երբ ուսուցչուհիները խիստ ձայնով են խոսում, ինքն անհանգստանում է նրանց համար․ հանկարծ նրանց կոկորդները չցավե՞ն և նրանք վաղը չկարողանան դասի գալ։
Զրուցեցինք շատ տարբեր բաների մասին, իսկ հետո խաղացինք՝ է՛լ հանելուկախաղ, է՛լ սուտասելուկների խաղ, է՛լ բառախաղ․․․Շա՜տ հավես էր․․․