Զարթուցիչ

Հոկտեմբերի 1-ը՝ Տարեցների, Երաժշտության և Բուսակերության օր

Ավարտվեց սեպտեմբերը, թվում է, թե ուսումնական տարին սկսվել էր երեկ, այն ինչ, այսօր արդեն հոկտեմբերի 1-ն է։ Երբ հիշում ենք, որ շուտով օրերն այնքան էլ արևոտ չեն լինելու, տխրում ենք, բայց լավ նորությունն էլ այն է, որ մոտենում է աշնանային արձակուրդը։ 

Թե ինչպես կարող ենք անցկացնել արձակուրդը և աշնանային այլ բլբլոցների, դեռ կանդրադառնանք։ Իսկ այսօր մեզ հագեցած եթեր է սպասվում, քանի որ օրացույցը մեզ հուշում է, որ այսօր պետք է անդրադառնանք 3 թեմայի՝ Տարեցների և Երաժշտության միջազգային օրվան, ինչպես նաև՝ Բուսակերների համաշխարհային օրվան։

Այսպիսով, նախ հակիրճ անդրադառնանք Տարեցների միջազգային օրվան։ Հոկտեմբերի 1-ը, որպես Տարեցների միջազգային օր, հռչակվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1990 թվականի դեկտեմբերի 14-ին: Սկզբում այն նշվել է միայն Եվրոպայում, իսկ հետո արդեն տարածվել է նաև ողջ աշխարհում: 

Օրը հնարավորություն է տալիս մեր շնորհակալությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր իրենց փորձով ու գիտելիքներով ներդրում են ունեցել մեր կյանքում, իսկ այժմ վաստակել են երջանիկ ծերություն ունենալու իրավունքը։ Օրը նաև հիշեցնում է տարեց մարդկանց խնդիրների մասին և ամեն տարի մի շարք կազմակերպություններ անդրադառնում են այդ խնդիրներին ու դրանց հնարավոր լուծման տարբերակներին։

Գալով Երաժշտության միջազգային օրվան՝ նշենք, որ օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 1-ին։ Օրվա գաղափարը պատկանում է կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչին, որը Միավորված ազգերի կազմակերպությանը ուղարկել է նամակ՝ նման տոն ստեղծելու առաջարկով։ Կոմպոզիտորը հույս է հայտնել, որ Երաժշտության օրը կօգնի միավորել տարբեր մշակույթներ կրող մարդկանց: Ի վերջո՝ 1973 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային երաժշտական ​​խորհուրդը պաշտոնապես հաստատեց տոնը։

Եվ վերջում՝ բուսակերության մասին։ Ինչպես արդեն գիտենք, հոկտեմբերի 1-ը նաև Բուսակերների համաշխարհային օրն է, որը 1977 թվականին ստեղծվել է Հյուսիսային Ամերիկայի բուսակերների միության կողմից և դրանից մեկ տարի անց աջակցել է Բուսակերների միջազգային միությանը։ Օրը նպատակ ունի բարձրացնելու հանրության իրազեկությունը բուսակերության, այդ ապրելակերպի առողջ կողմերի, բնապահպանական, ինչպես նաև՝ էթիկական օգուտների մասին։

Բուսակերության վտանգների ու օգուտների մասին վեճերը աշխարհում վաղուց են առկա, այդ թվում՝ բժիշկների շրջանում։ Բժիշկներից շատերի կարծիքով՝ այս ապրելակերպն ունի շատ առավելություններ, բայց կան նաև թերություններ։ Մսի օգտագործման ցանկացած սահմանափակում հանգեցնում է կենսական ամինաթթուների և հանքանյութերի պակասի։ 

Այս ամենը ոչ միայն հանգեցնում է ոսկորների, մազերի, մաշկի վիճակի վատթարացման, այլև՝ մսից ամբողջությամբ հրաժարվող մարդկանց մոտ կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջանալ։ Ուստի՝ առողջապահական ոլորտի մասնագետները նշում են, որ բուսակերությանը չափից դուրս ֆանատիկորեն մոտենալը, օգնելու փոխարեն կարող է վնասել մարդուն։ Հիշենք այդքան սիրելի ասացվածքը․ «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»։

Ցուցադրել ավելի
Back to top button