Զարթուցիչ

Ինչպե՞ս է ի հայտ եկել հայելին. Զարթուցիչ

Ասա՛ ինձ, հայելի՛, ով կա ինձնից գեղեցիկ․․․Հայտնի մուլտֆիլմի հայտնի այս տողով ենք սկսում մեր փոքրիկ բացահայտումը՝ այս անգամ հայելու մասին․․․

Ամեն առավոտ, անկախ այն բանից, թե որքան եք շտապում, կա մեկ գործողություն, որը երբեք, ոչ մի դեպքում չեք մոռանում անել՝ հայելուն նայելը․․․դե, թեկուզ մեկ հայացք անպայման գցում եք հայելուն, նոր դուրս եք վազում տնից․․․

Իհարկե, միշտ էլ ուզում ես հասկանալ՝ ինչ տեսք ունես։ Եվ այդպես եղել  է բոլոր ժամանակներում, նույնիսկ այն ժամանակ, երբ հայելիներ չկային։ Իսկ այդպիսի ժամանակներ, իհարկե, եղել են։ Այդ մեզ համար է այսօր հայելին կենցաղի սովորական մի առարկա, բայց այսպես հո միշտ չի՞ եղել․.. Իսկ ինչպե՞ս էին մարդիկ հին–հին ժամանակներում նայում իրենց արտացոլմանը, ինչի՞ն էին նայում։

Ջրի հարթ հայելու՞ն․․․իսկ եթե չկար այն․․․Ամենահին հայելիները, որոնք իրենցից ներկայացնում են հղկված, ողորկության հասցրած արծաթյա, ոսկյա, բրոնզե, անագե թիթղներ, մոտ 5000 տարվա հնություն ունեն։ Դրանց հակառակ կողմը երբեմն նախշազարդված է, երբեմն էլ այդ մեզ համար անսովոր հայելիները բռնակներ ունեն։

Մեզ ծանոթ ապակյա հայելիների պատմությունն սկսվում է 13-րդ դարի Վենետիկից։ 1291 թվականին Վենետիկի բոլոր ապակեգործներին վերաբնակեցրին Մուրանո կղզում։ Այս գործողության նպատակը մեկն էր՝ վերահսկել ապակեգործների աշխատանքը և թույլ չտալ, որ ապակեգործության գաղտնիքը, որին տիրապետում էին այս գործի վարպետները, հանկարծ ինչ–որ տարբերակով հայտնի դառնա աշխարհում։ Եվ, չնայած, Վենետիկում ապակեգործները մեծ հարգանք էին վայելում և շատ բարձր դիրք էին գրավում հասարակության մեջ, նրանց մահվան սպառնալիքով արգելվեց ապակեգործության գաղտնիքներն այլոց համար բացահայտելը։

Երկար ժամանակ հայելիներ պատրաստում և վաճառում էին միայն Վենետիկում, և պարզ է, որ սա շատ թանկ ապրանք էր։ Բայց 17-րդ դարում վենետիկյան այս գաղտնիքը կարողացան բացահայտել ֆրանսիացիները, և այդ պատմությունը հետաքրքիր ու մի քիչ էլ զվարճալի է։

Եվ այսպես, հայտնվել է ինքդ քեզնով հիանալու մի նոր միջոց՝ ապակե հայելին, որը կարող ես ձեռք բերել միայն Վենետիկում և, այն ժամանակվա Ֆրանսիայի ֆինանսների նախարար Կոլբերի վկայությամբ, սարսափելի գնով։ Պատկերացրեք․ արծաթե շրջանակով մեկ հայելին, որի լայնությունը 65սմ է, բարձրությունը՝ 115 սմ, արժե 68 հազար լիվր, այն դեպքում, երբ Ռաֆայելի նույն չափսերն ունեցող նկարն արժե ընդամենը 3000 լիվր։

Ֆինանսների նախարար Կոլբերը կարծում էր, որ հայելիները կսնանկացնեն Ֆրանսիան։ Եվ, ճիշտն ասած, չէր սխալվում։ Ֆրանսիացի ազնվականները հայելիների համար հսկայական գումարներ ու կարողություն էին վճարում Վենետիկին։

Թագավորական պարահանդեսներից մեկի ժամանակ թագուհին հայտնվեց հայելու կտորտանքով զարդարված հագուստով։ Դա, իսկապես, շլացուցիչ տեսարան էր, բայց սա եղավ Կոլբերի համբերության բաժակի լցվելու վերջին կաթիլը։ Ի՞նչ արեց հնարագետ նախարարը․ պարզապես Մուրանո ուղարկեց իր վստահելի ծառաներին, որոնք գործարքի մեջ մտան երկու ապակեգործների հետ, և վերջիններս տեղափոխվեցին Ֆրանսիա։ Ու վերջ․ վենետիկյան գաղտնիքն այլևս դադարեց գաղտնիք լինելուց․․․Եվ շուտով ֆրանսիական Տուր լա Վիլ քաղաքում հայտնվեց Եվրոպայում առաջին հայելագործական մանուֆակտուրան։

Ահա, այսպես․․․հայելին դարձավ բոլորինը, և այսօր այլևս ոչ ոք չի հիշում նրա ի հայտ գալու պատմությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button