Զարթուցիչ

Հոկտեմբերի 10-ը օրացույցում. Զարթուցիչ

Օրացույցից տեղեկանում ենք, որ այս օրը՝ հոկտեմբերի 10-ը, Տեսողության համաշխարհային օրն է։ Դժվար թե որևէ մեկս չի պատկերացնում, թե որքան կարևոր է աչքերի առողջությունը պահպանելը․ չէ՞ որ մեզ շրջապատող աշխարհի մասին տեղեկության հիմնական մասը մենք հենց տեսողության շնորհիվ ենք ստանում։ Պատկերացնում ենք բոլորս, բայց ասել, որ բոլորս ենք խնամքով վերաբերվում մեր տեսողությանը՝  բնությամբ մեզ տրված այս մեծ հարստությանը, իհարկե, չենք կարող․․․

Ցավոք, տեսողական խնդիրները ողջ աշխարհում շատ երիտասարդացել են․ ասում են մասնագետները․․․Դա, իհարկե, ունի իր պատճառները, բայց միշտ կարելի է այդ պատճառները եթե ոչ վերացնել, ապա գոնե՝ վերահսկել։ Եվ այս օրվա գլխավոր ուղերձներից մեկն էլ հետևյալն է․ անպայման այցելեք ակնաբույժի, եթե անգամ խնդիր չունեք այս պահին։ Տարվա մեջ մեկ կամ երկու անգամ ակնաբույժին դիմելը կարող է օգնել, որ ժամանակին կանխվի խնդիրը։ Իսկ խնդիր կարող է առաջանալ ամեն պահի․․․

Եվ չմոռանանք, որ գոյություն ունի տեսողական խնդիրների և հիվանդությունների կանխարգելում, որը, ինչպես և շատ այլ հիվանդությունների դեպքում, ենթադրում է ճիշտ սնունդ և մարզումներ։ Այս դեպքում՝ աչքերի վարժությունների մասին է խոսքը և աչքի ցանցաթաղանթը սնուցող անոթներն ամրացնող մթերքներ օգտագործելու մասին։

Հապալաս, սև հաղարջ, գազար, կանաչեղեն, ընկույզ, ազնվամորի․․․համով բաներ ենք թվարկում, չէ՞։ Սրանք շատ օգնում են աչքերին և, իհարկե, մեր օրգանիզմին ընդհանրապես։ Իսկ աչքերի համար նախատեսված վարժությունները շատ պարզ են և դրանք շատ հեշտ կարելի է գտել համացանցում․․․Տեսնու՞մ եք՝ էլի աչքերն են օգնելու, որ դրանք գտնենք և էլի՝ համացանցը, որը կարելի է օգագործել հօգուտ և ոչ թե՝ ի վնաս մեզ․․․

Ի դեպ, հապալասը, սև հաղարջը, գազարն ու ընկույզը  այսօր կարող եք ավելացնել նաև ձեր ամենասիրելի որևէ շիլայի մեջ, նոր ուտել, և հենց այդ պահին հիշել, որ այսօր աշխարհում նաև Շիլայի օրն է նշվում․․․

Այո, հենց այդպես էլ հիշեցնում է օրացույցը․ հոկտեմբերի տասը Շիլայի միջազգային օրն է։ Աշխարհի բոլոր ժողովուրդների խոհանոցներում իրենց տեղն ունեն շիլաները, որոնք անհիշելի ժամանակներից հայտնվել են նրանց ճաշացանկերում։

Եթե հարցնեք ձեր տան մեծերին, որպես հայակական խոհանոցի ամենահայտնի շիլա միանգամից կհիշեն խավիծը՝ ցորենի ալյուրից պատրաստված թանձր ու քաղցր շիլան և հարիսան՝ մանրացրած ձավարով և հավով շատ համով ուտեստը։ Ինչ ուտելը ամեն մեկիս գործն է, բայց, շիլաները, ասում են, շատ օգտակար են։ Այսօր գուցե կարելի՞ է օրվա ճաշացանկի մեջ մի համով շիլա նախատեսել։

Օրացույցի այսօրվա նշումներից այս մեկն էլ ենք առանձնացրել․ հոկտեմբերի 10–ը  նորվեգացի ականավոր բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան օրն է։

Եթե անցնեք Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների հատման վայրով, հարակից տարածքում կտեսնեք մի կիսանդրի՝ Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին է։ Նանսենի անունով անվանակոչված փողոցներ ու  դպրոցներ կան Երևանում, Դիլիջանում, Արմավիրում, Սպիտակում, Ստեփանավանում: Երևանի Նոր Նորք համայնքի առաջին զանգվածում Նանսենի անվան այգի կա, այգում՝ Նանսենի թանգարանը։

Եվ ուրեմն՝ ամենևին պատահական չէ, որ այս մարդու անունն այսօր Հայաստանում այսքան ներկա է։ Եթե սկսեք հետաքրքրվել Նանսենի կենսագրությամբ, ապա կպարզեք, որ նրա անունը նախևառաջ գիտության հետ է կապված․ նա Հյուսիսային բևեռի ուսումնասիրությամբ զբաղված գիտնական է, բևեռախույզ, օվկիանոսագետ, համարվում է  ֆիզիկական օվկիանոսագիտության հիմնադիրը։

1888 թվականին Նանսենը դահուկներով կտրել-անցել է Գրենլանդիան: Այնուհետև մշակել է Հյուսիսային բևեռ հասնելու նախագիծ, որն իրագործել է իր կառուցած «Ֆրամ» նավով։ Բայց գիտությունից բացի Ֆրիտյոֆ Նանսենը զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո որպես Ազգերի լիգայի գերագույն հանձնակատար   Նանսենն զբաղվել է ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու և գաղթականների խնդիրներով:

Նանսենի հասարակական գործունեության մեջ կարևոր տեղ է գրավել հայանպաստ աշխատանքը, ջանքերը Հայ դատի արդարացի լուծման և հայ գաղթականների դրության բարելավման համար: Նա խստագույնս դատապարտել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանությունը:

Մեծ եղեռնից փրկված շուրջ 320 հազար հայեր, որոնք դեգերում էին տարբեր երկրներում, ստացել են «Նանսենյան անձնագիր»։ Սա անձը հաստատող ժամանակավոր վկայական էր, որը Ֆրիտյոֆ Նանսենի նախաձեռնությամբ կիրառության մեջ դրեց Ազգերի լիգան և որը տրվում էր փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Աշխարհի խիղճը․ հաճախ այսպես են անվանում մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենին, որն ասում էր․«Անհրաժեշտ է, որ դիմացինի նկատմամբ սիրո և ազնվության զգացումը համակի մեր մտքերն ու արարքները, և մենք միշտ պետք է հիշենք, որ սերն ու համբերությունը անտառի ամենագեղեցիկ ծառերն են»:

Ցուցադրել ավելի
Back to top button