Զարթուցիչ

Հոկտեմբերի 11-ը՝ Աղջիկ երեխաների միջազգային օր

Օրացույցը մեզ հուշում է, որ այսօր նշվում է Աղջիկ երեխաների միջազգային օրը։ Այն հռչակվել է ի նշան աղջիկների իրավունքների ճանաչման, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2011 թվականի դեկտեմբերին։

Օրվա նպատակն է՝ մարդկանց ուշադրությունը սևեռել աղջիկ երեխաների կրթության կարևորությանը, իրավունքների իրացմանն ու նրանց առջև ծառացած մարտահրավերներին։  Դեռահաս աղջիկներն ունեն անվտանգության, կրթության և առողջության իրավունք։ 

Դեռահաս տարիքում, արդյունավետ աջակցություն ստանալու դեպքում, աղջիկները կարող են գիտակցել իրենց ներուժն ու ներգրավվել տարբեր հիմնախդիրների լուծմանը՝ կատարելով փոփոխություններ ամենատարբեր ոլորտներում, միաժամանակ դառնալ մայրեր, աշխատողներ, ձեռնարկատերեր, դաստիարակներ, տնային տնտեսուհիներ, ղեկավարներ և քաղաքական առաջնորդներ:

Աշխարհում քիչ չեն օրինակները, երբ աղջիկները չվարանելով ու չվախենալով տարատեսակ սահմանափակումներից, դժվարություններից պայքարել են ու կարողացել պատմություն ստեղծել։ 

Անդրադառնանք դրանցից մի քանիսին։

Դե, չենք կարող խոսել աղջիկ երեխաների մասին ու չհիշել էկոակտիվիստ Գրետա Թունբերգին: Նրա մասին, անգամ, ֆիլմ նկարահանվեց։ Գրետան իր ցույցերն սկսեց 2018 թվականին «Ուրբաթներ հանուն ապագայի» կարգախոսով։ Ամեն ուրբաթ, դպրոց գնալու փոխարեն, Գրետան նստում էր խորհրդարանի դիմաց և դպրոցական դասադուլ հայտարարում։ 

Ու, թեև  սկզբում գրեթե մենակ էր, բայց չընկրկեց։ 2019 թվականի սեպտեմբերի վերջին ավելի քան չորս միլիոն մարդ միացավ նրա շարժմանը։ Հավաքվելով նրա շուրջը՝ մարդիկ ամեն շաբաթ քաղաքական գործիչների ուշադրությունն էին հրավիրում կլիմայի վտանգավոր փոփոխություններին։ 

Հատկապես նշանակալից էր նրա ելույթը ՄԱԿ-ում, որտեղ նա կոչ արեց նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ, որովհետև ըստ կանխատեսումների դարավերջին մոլորակի միջին ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4 աստիճանով, ինչն անճանաչելիորեն կարող է փոխել ողջ կենսոլորտը։

Այժմ խոսենք պակիստանցի ակտիվիստուհի և իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի մասին, որը մինչ օրս Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրն է։ Նա արժանացել է բազմաթիվ պարգևների, քանի որ 11 տարեկանից սկսած, իր հայրե նիքում տիրող դաժան խտրականության պայմաններում, ակտիվ պայքար է սկսել՝ գրելով բլոգ՝ Բի ԲԻ Սի-ի համար։ 

Նա խոսել ու պայքարել է մարդու իրավունքների պաշտպանության և հատկապես կանանց ու երեխաների կրթության համար, որոնց  արգելվում էր անգամ դպրոց հաճախել։ Ի վերջո՝ նրա պայքարը միջազգային արձագանք է ստացավ։ Ինչպես մի անգամ նշել է Պակիստանի վարչապետ Շահիդ Խաքան Աբասին, նա դարձել է հայրենի երկրի ամենանշանավոր քաղաքացին։ Յուսուֆզայը այժմ սովորում է Օքսֆորդում և ամբողջ աշխարհում զբաղվում է կանանց իրավունքների համար պայքարով։

Եվ վերջում՝ խոսենք ծագումով հրեա, գերմանացի մի աղջկա՝ Աննա Ֆրանկի մասին, որը Հիտլերի իշխանության գալուց հետո ընտանիքով թաքնվել էր Հոլանդիայում։ 13 տարեկանում նա սկսել էր օրագիր գրել՝ ժամանակն անցկացնելու և իրականությունից մի կերպ փախչելու համար։ 

Սակայն 1944 թվականին նրան բռնեցին և տեղափոխեցին համակենտրոնացման ճամբար՝ բաժանելով ընտանիքից։ Ֆրանկը մահացավ այնտեղ՝ հյուծվածությունից և տիֆից, բայց նրա օրագիրը դարձավ նացիստների դաժանության և գրավյալ տարածքներում հրեաների կյանքի ամենավառ ապացույցներից մեկը: Գրվածքում տեղ են գտել ֆաշիզմի դաժանության ու դրա հետևանքների մասին պատմող մի շարք դրվագներ։ Այն թարգմանվել է 70 լեզվով՝ նաև հայերեն։

Ցուցադրել ավելի
Back to top button