Նոյեմբերի 1-ը բուսակերների համաշխարհային օրն է։ Բուսակերները, կամ ինչպես ասում են վեգանները, այն մարդիկ են, որոնք ոչ միայն հրաժարվում են կենդանական սննդից, այլ նաև կենցաղավարության խիստ կանոններ ունեն։ Օրինակ՝ նրանք չեն օգտագործում կաշվե կամ բրդյա իրեր, մետաքս, ինչպես նաև մարգարիտ, որն, ինչպես գիտենք, առաջանում է որոշ փափկամարմինների խեցիներում։
Վեգանների տոնը սկիզբ է առել 1994 թվականին։ Եվ ամեն տարի այս օրը բուսակերները հանդիպումներ և տեղեկատվական արշավներ են կազմակերպում իրենց համախոհների շրջանում։
1871 թվականի նոյեմբերի 1-ին է ծնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը։ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից մեկն է։ Գրել է քառասունից ավելի երգեր, ռոմանսներ ու խմբերգեր։ Նրա հայտնի ստեղծագործություններից է «Ալմաստ» օպերան։ Կոմպոզիտորն այն գրել է 1900-ական թվականներին և հենց այդ ստեղծագործությամբ էլ՝ 1933 թվականին բացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնը։
Կոմպոզիտորի անունով նաև երաժշտական դպրոց կա, իսկ Երևանի Նալբանդյան փողոցում գտնվում է կոմպոզիտորի տուն-թանգարանը։ Այստեղ դուք կտեսնեք Ալեքսանդր Սպենդիարյանի դաշնամուրը, ժամացույցը, ճամպրուկը, ձեռագիր նոտաներ և այլ անձնական իրեր։