Լուրեր

Հայ ծանրորդները 13 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Պետրոս Պետրոսյանը Լեհաստանում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 384 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր:

Պոկում վարժությունում Պետրոսյանը գլխավերևում պահել է 166 կգ կշռող ծանրաձողն ու դարձել փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրում վարժությունում 218 կգ արդյունքով զբաղեցրել է առաջին տեղը:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Յաշա Մինասյանը երկամարտի 354 կգ արդյունքով 7-րդն է:

Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ +109 կգ քաշային Աշոտ Մովսիսյանը, երկամարտում ցույց է տվել 359 կգ արդյունք և արծաթե մեդալ նվաճել:

Այսպիսով՝ Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները Լեհաստանի Ռաշին քաղաքում անցկացված Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում աննախադեպ արդյունք են ցույց տվել՝ երկամարտում նվաճելով 13 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Ցուցադրել ավելի
Back to top button