Զարթուցիչ

Այսօր Ցունամիի իրազեկման համաշխարհային օրն է. Զարթուցիչ

Կռահում եք, չէ՞, որ այսօրվա եթերաժամին խոսելու ենք բնական աղետներից։ Դե, ինչպես ասում են, որքան իրազեկ ես, այնքան՝ պաշտպանված ես։

Այսպիսով, Ցունամիի իրազեկման համաշխարհային օրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերին՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի՝ Ճապոնիայի ներկայացուցիչների նախաձեռնությամբ։ Հիշենք, որ այս երկիրը գտնվում է սեյսմավտանգ տարածաշրջանում։

Օրվա նպատակն է՝ քաղաքացիների և պետական ​​պաշտոնյաների տեղեկացվածության բարձրացումը ցունամիի վերաբերյալ, ինչպես նաև՝ գործնական քայլերի մշակումը՝ կանխելու այս տարերային աղետի հնարավոր կործանարար ու աղետալի հետևանքները։ 

Այս գաղափարը սկսեց ակտիվորեն զարգանալ Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչների շրջանում՝ հատկապես 2005 թվականին՝ 2004 թվականի Հնդկական օվկիանոսի սարսափելի ցունամիից հետո:

Ի դեպ, օրվա ամսաթիվը՝ նոյեմբերի 5-ը, ևս ընտրվել է Ճապոնիայի պատվիրակության նախաձեռնությամբ։ Այս ընտրությունը կապված է իրական պատմության հետ՝ մի գյուղացու մասին է, ով 1854 թվականի նոյեմբերի 5-ին զոհաբերել է իր ունեցվածքը՝ փրկելու իր գյուղի բնակիչներին։ Նա հրկիզել է իր բերքը՝ գյուղացիներին զգուշացնելով վտանգի մասին, ինչի շնորհիվ էլ՝ գյուղացիները փրկվել են։ Նա նաև ցունամիից հետո ակտիվ ներգրավված է եղել գյուղի բնականոն կյանքի վերականգնման աշխատանքներին։

Այսպիսով, CRED հնդկական կազմակերպության իրականացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակում բնական աղետներից տարեկան մահանում է մոտ 60․000 մարդ։ Սա կազմում է ամբողջ աշխարհում մահացությունների 0,1%-ը։

Մի կարևոր փաստ ևս նշենք։ Թեև անցյալում երաշտներն ու ջրհեղեղները աղետների ամենաավերիչ տեսակներից էին, երկրաշարժերն այժմ ամենամեծ սպառնալիքն են՝ ողջ աշխարհի համար։

Երբ խոսում ենք այնպիսի բնական աղետի մասին, ինչպիսին երկրաշարժն է, անմիջապես մտաբերում ենք Սպիտակի՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժը։ Հայաստանը համարվում է աշխարհում սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը։ Ուստի՝ բնական աղետների ու, հատկապես, երկրաշարժի մասին իրազեկված լինելը անչափ կարևոր է։ Այսպիսով, ի՞նչ կանոնների է պետք հետևել, երբ կա բնական աղետների ու, հատկապես, երկրաշարժի վտանգ։

Նախ և առաջ, պետք է մշտապես հետևել թարմ լրատվությանը՝ օգտվելով միայն ճշգրիտ ու ստուգված տեղեկատվությունից։ 

Հաջորդիվ, կարևոր է նախապես հավաքել առաջին անհրաժեշտության իրերը։ Հավանաբար, մեզնից շատերը նույնիսկ դպրոցից են հիշում, որ բակում կամ որևէ հուսալի տեղում անհրաժեշտ է ունենալ առաջին օգնության արկղիկ կամ պայուսակ։ Այնտեղ կարող են լինել այնպիսի առաջնահերթության իրեր, ինչպիսիք են՝ բժշկական սպիրտ և կպչուն ժապավեն, բամբակ և վիրակապ, ջուր, քաղցրավենիք և այլն։

Հիշենք, որ երկրաշարժի ժամանակ շինությունները անմիջապես չեն փլուզվում, մենք, մոտավորապես, ունենք 15-20 վայրկյան՝ շենքից դուրս գալու համար։ Հակառակ դեպքում, եթե զգում ենք, որ չենք հասցնի և դուրս գալը կարող է ավելի վտանգավոր լինել, ցանկալի է գտնվել տան հիմնական պատի, սեղանի կամ աթոռի տակ։

Իսկ, եթե երկրաշարժի ժամանակ գտնվում ենք բաց տարածքում, ապա՝ կարևոր է անհապաղ հեռու գնալ շենք-շինություններից, էլեկտրահաղորդման սյուներից, դիտահորերից, գազալցակայաններից, գազատարներից և այլն։

2006 թվականին Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած երկրաշարժը խլեց 3000-ից ավելի կյանք։ Ընդ որում՝ մարդկանց մեծ մասը զոհվել էին ոչ թե շինությունների փլուզման, այլ՝ գազատարների ու գազալցակայանների պայթյունի հետևանքով։

Ցուցադրել ավելի
Back to top button