2024թ. լրանում է հայ նշանավոր նկարիչ-արձանագործ, «Սասունցի Դավիթ» արձանի հեղինակ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: Տարին կրկնակի հոբելյանական է, քանի որ լրանում է նաև արձանի տեղադրման 65-րդ տարին։
Կես դարից ավել է, ինչ Հայաստանի մայրաքաղաք Երևանի խորհրդանիշն է դարձել այս արձանը։ Էպոսի հերոսը հզոր և ուժեղ կերպար է, որը դարձել է հայ ժողովրդի անմահության մարմնացումը, մի կերպար, որը երկար ժամանակ ստեղծում էր քանդակագործ Երվանդ Քոչարը։
ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երվանդ Քոչարի թանգարանն արձանի հարակից տարածքում իրականացրեց արդի մոտեցումներով և հետաքրքիր լուսային էֆեկտներով միջոցառում, որը ուղղված էր մեծ հայի ստեղծագործական ժառանգության հանրահռչակմանը։
«Նմանօրինակ միջոցառումները, որոնք ուղղված են ազգային ինքնաճանաչողության և մեր պատմական հիշողության ամրապնդմանը, յուրատեսակ ազդակ են հանդիսանում բոլորիս համար, հատկապես՝մեր երիտասարդության ․․․»,- բացման խոսքում նշեց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։
Քոչարը համարում էր, որ մոնումենտալ քանդակները օժտված են մի շատ հետաքրքիր առանձնահատկությամբ, դրանք կարող են ազդել մարդկանց հոգիների և մտքերի վրա, փորձելով արթնացնել նրանց խիղճը և նպաստել հոգևոր վերածննդին, իսկ ահա տեղադրված լինելով մարդաշատ վայրերում՝ դրանք ակամայից կատարում են իրենց առաքելությունը, փորձելով ամրապնդել մեր ազգային և պատմական հիշողությունը։
Կարինե Քոչարն ընդգծում է, որ իրականում Քոչարի ամբողջ երևանյան շրջանը նվիրված է այնպիսի աշխատանքների, որոնք ուղղված են ազգային արժեքների վերահաստատմանը և իզուր չէ, որ մաէստրոն համարվում է ազգային ինքնագիտակցության զարթոնքի ռահվիրա, քանի որ իր ողջ երևանյան շրջանի ստեղծագործական ընթացքը նվիրեց նման ստեղծագործությունների իրականացմանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց արձանի ստեղծման ստեղծագործական պատմությունը՝ ըստ մաէստրո Քոչարի թողած գրառումների: Երեկոյի ընթացքում համերգային կատարումներով հանդես եկավ «Թմբաթա» նվագախումբը։
Սասունցի Դավիթ արձանի վրա իրականացվեց լուսային ցուցադրանք, որն ուղեկցվեց սցենարային մշակմամբ և նորարարական այլ էֆեկտներով, ձայնային ձևավորումներով, իսկ ահա Սասունցի Դավիթ արձանի պատվանդանի վրա՝ ցուցադրվեց արձանի ստեղծումը ներկայացնող լուսանկարներ, խրոնիկ կադրեր։
Հավելենք, որ միջոցառումն ուղղված էր ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանն, այն իրականացրեց Երվանդ Քոչարի թանգարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացված դրամաշնորհով: