Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նոյեմբերի 4–ից 10–ը, այսինքն՝ այս ընթացիկ շաբաթը, Հայաստանում հայտարարվել է Մեդիագրագիտության շաբաթ։
«Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում»․ սա շաբաթվա՝ այս տարվա խորագիրն է։
Հնարավոր է, որ ձեր դպրոցն էլ է մեդիագրագիտության շաբաթվա ակտիվ մասնակիցը, տղաներ ու աղջիկներ, հնարավոր է՝ ոչ, բայց այն, որ արդեն 7–րդ տարին Հայաստանում կյանքի կոչվող այս նախաձեռնությունն ավելի ու ավելի շատ է արձագանք ստանում, ավելի շատ դպրոցներ են մասնակցում շաբաթվա միջոցառումներին և ավելի շատ դպրոցականներ՝ բացահայտում իրենց համար այն, թե ինչ է մեդիագրագիտությունն ու ինչու է պետք մեդիագրագետ լինել, փաստ է։
Տարբեր դպրոցներ իրենց կայքէջերում, ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում տեղադրում են նյութեր մեդիագրագիտության շաբաթվան մասնակցության, շաբաթվա ծրագրի իրենց նախընտրած թեմաներին անդրադարձների մասին։
Ի դեպ, հենց երեկ շաբաթվա շրջանակում Ռադիո Արևիկն էլ հյուրեր ընդունեց՝ Երևանի թիվ 124 դպրոցի 7–րդցիներն էին եկել՝ ծանոթանալու մեր աշխատանքին։
Մի խոսքով՝ մեդիագրագիտության շաբաթն ընթացքի մեջ է։ Այդ ընթացքի մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար այսօր ստուդիա ենք հրավիրել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար Անի Եղիազարյանին։