Խնձոր սիրո՞ւմ եք․․․Ես էլ՝․․․ շա՜տ: Դե․․․ուրեմն միացե՛ք մեր այսօրվա մրգառատ բացահայտմանը: Հա՛, կարող եք կտրատված մրգերով լի մի ափսե վերցնել ու այդպես լսել այսօրվա թողարկումը:
Այսօրվա քննարկվող հարցը, կարծում եմ, բոլորիս է ծանոթ: Հենց հիմա էլ, եթե իհարկե արդեն հասցրել եք մրգերով ափսեն պատրաստել․․․հավանաբար նկատել եք, որ ձեր կարմիր, կանաչ կամ դեղին խնձորը կտրելուց հետո գունափոխվել է: Դե իհարկե կեղևի մասին չէ խոսքը, այլ ներսի հատվածի, միջուկի…չգիտեմ ինչպես են ճիշտ ասում:
Ամեն անգամ այդպես է: Վերցնում ու լվանում ենք մեր սիրելի միրգը, այնքան հյութեղ է թվում, բայց հերիք է այն կտորների բաժանենք ու դնենք ափսեի մեջ և կտեսնենք, որ միրգը մուգ գույնի է դարձել, շագանակագույնին մոտ երանգ ունի: Ինչո՞ւ է այդպես…
Դեռ փոքրուց հիշում եմ, երբ տանը հյուրերի էինք սպասում, մայրիկս կտրատում էր մրգերն ու այնպես էր դասավորում դրանք մեծ ափսեի մեջ, որ մի գեղեցիկ դիզայներական կոմպոզիցիա էր ստացվում: Իսկապե՜ս շատ սիրուն էր, բայց ես չէի ուտում…որովհետև խնձորները, ինչպես ես էի պնդում՝ «սևացել են»:
Շատերը մտածում են, որ խնձորի կտորը, երբ մուգ գույնի է դառնում, կորցնում է բոլոր վիտամիններն ու օգտակար հատկությունները ՝ «հնացել է», «էլ թարմ չէ», նույնիսկ «փչացել է»… այսպիսի մեկնաբանություններ էլ ենք լսում: Բայց արդյո՞ք այդպես է:
Այս ի՞նչ տարօրինակ ազդանշան է, կարծես խնձորը հասկանում է, որ իրեն կտրել են ու մեզ համոզում է, որ անհապաղ ուտենք․ «Դե, կեր ինձ, քանի դեռ շագանակագույն չեմ դարձել»…
Կա ևս մեկ վարկած,cորն իհարկե ավանդազրույց է հիշեցնում, և, որի համաձայն, խնձորները սևանում են մի հին կախարդանքի պատճառով։ Մի օր, այգեպաններից վիրավորված մի կախարդուհի, մոգական ծես է անցկացնում մրգերի պարտեզում, ինչի հետևանքով քաղված ու կտրտված բոլոր խնձորները փոխում են իրենց գույնը:
Բայց, այս դեպքում էլ կրկին հարց է առաջանում. ինչո՞ւ, օրինակ, բանանը միանգամից չի սևանում: Կամ, ասենք, նարինջը։ Ստացվում է, որ այս առեղծվածային մոգությունն ազդե՞լ է միայն խնձորների վրա:
Փչացե՞լ է միրգը, թե՞ ոչ: Կտրատվելուց հետո արդյո՞ք կորցնում է օգտակար հատկությունները: Եվ վերջապես գուցե սա խնձորների ինքնապաշտպանությո՞ւնն է: Ոչ մի հարց անպատասխան չի մնա, քանի որ Ռադիո Արևիկի ստուդիայում կրկին կենսաբան Ալեքսան Խառատյանն է: Նա կպատասխանի «ինչո՞ւ է կտրած խնձորը սևանում» հարցին: