Նոյեմբերի 14-ը աշխարհի ամենահայտնի մանկագիրներից մեկի՝ Աստրիդ Լինդգրենի ծննդյան օրն է։ Դժվար է պատկերացնել մանկության մոլորակն առանց Աստրիդ Լինդգրենի գրքերի ու հերոսների՝ Երկարագուլպա Պիպիի, տանիքում ապրող Կառլսոնի ու նրա ընկեր Մանչուկի, ավազակի աղջիկ Ռոնիի, լյոնեբերգցի Էմիլի ու մյուս հերոսների։
Աստրիդ Լինդգրենը համարվում է աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակներից մեկը, նրա գրքերը լույս են տեսել 145 միլիոն օրինակով, նրա հերոսները կյանք են ստացել նաև էկրանին՝ մուլտֆիլմերում և կինոնկարներում, իսկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ այցելողներն անպայման աշխատում են հայտնվել «Յունիբակեն» անունը կրող թանգարանում. թանգարանում կա մի շոգեքարշ, որը երեխաներին տանում է Աստրիդ Լինդգրենի հեքիաթների աշխարհ, իսկ ուղևորության վերջում այցելուներին հյուրընկալում է Երկարագուլպա Պիպին։
Ավելի ուրախ ընկերներ, քան Լինդգրենի ստեղծած հերոսներն են, չկան, և բոլոր նրանք, ովքեր սիրում են կարդալ, հաստատ մտովի մասնակցել են այդ հերոսների արկածներին։
135 տարի առաջ այս օրը՝ 1889 թվականի նոյեմբերի 14–ին, լրագրող Նելի Բլայը մեկնեց շուրջերկրյա ճամփորդության։ Այս փաստն առանձնահատուկ ուշադրության չէր արժանանա, եթե միայն Նելի Բլայը չհայտարարեր, որ ինքն այսպես ձեռնոց է նետում Ժյուլ Վեռնի «80 օր աշխարհի շուրջը» հայտնի վեպի հերոսին՝ Ֆիլեաս ֆոգին և որոշել է գերազանցել նրա արդյունքն ու շուրջերկրյա ճամփորդությունն ավարտել 80 օրից պակաս ժամկետում։
Ո՞վ էր Նելի Բլայը։ Նա «Նյու Յորք ուորլդ» թերթի երիտասարդ լրագրողներից մեկն էր՝ 22 տարեկան աշխույժ մի աղջիկ, որին Ժյուլ Վեռնի վեպն ու վեպի գլխավոր հերոսի արկածները շատ էին ոգևորել։ Այսօր՝ ժամանակակից փոխադրամիջոցների աշխարհում, Նելի Բլայի նախաձեռնությունն անիրագործելի չի թվում իհարկե, բայց 135 տարի առաջ սա շատ համարձակ նախաձեռնություն էր, որը Նելին հաջողությամբ կյանքի կոչեց․ նա իր ճամփորդությունն ավարտեց 72 օր 6 ժամ և 10 րոպե 11 վայրկյանում։ Ի դեպ, նա մեկ օր կորցրեց հենց Ժյուլ Վեռնից հարցազրույց վերցնելու համար։
Եվ այսպես, օգտագործելով տրանսպորտի այն ժամանակ հասանելի տարբեր միջոցները, Նելին 1889 թվականի նոյեմբերի 14-ին դուրս եկավ Նյու Յորքից և Լոնդոն-Փարիզ-Բրինդիզի-Սուեզ-Ցեյլոն-Սինգապուր-Հոնկոնգ-Յոկոհամա-Սան Ֆրանցիսկո-Նյու Յորք ճանապարհն անցավ շատ ավելի կարճ ժամանակում, քան դա հաջողվել էր Ֆիլեաս ֆոգին։
Այս անսովոր ճամփորդությունը չէր իրագործվի, եթե չհովանավորվեր ու չֆինանսավորվեր «Նյու Յորք Ուորլդ» թերթի հրատարակչի՝ Ջոզեֆ Պուլիտցերի կողմից։ Հենց նա նկատեց Նելի Բլայի լրագրողական տաղանդը, գնահատեց նրա պոռթկուն էներգիան և նպատակասլացությունը և վստահեց Նելիին։ Այս ճամփորդությունը թերթի համար լավ գովազդ էր․ ողջ անգլիալեզու աշխարհն ուշադրությամբ հետևում էր Նելիի ճամփորդությանը, թերթերի վերնագրերի մեջ ամենահաճախ հանդիպողներից մեկը հետևյալն էր՝ «Կգերազանցի՞ արդյոք Նելի Բլայը Ֆիլեաս Ֆոգի ռեկորդը»։
Ի դեպ, Նելի Բլայի 72-օրյա ճամփորդության ընթացքում Ժյուլ Վեռնի վեպը, որը լույս էր տեսել դրանից 17 տարի առաջ, հասցրեց մի քանի անգամ վերահրատարակվել, իսկ «Նյու Յորք Ուորլդ» թերթի տպաքանակը կտրուկ աճեց։ Երբ այս անսովոր մարաթոնն ավարտվեց, և հասավ Նելի Բլայի աստեղային ժամը, թե՛ նա, և թե՛ թերթի խմբագրությունը հեղեղվեցին շնորհավորական հեռագրերով ու բացիկներով, որոնց մեջ ամենաարժեքավորը Նելիի համար հետևյալն էր․ «Ես չէի կասկածում Նելի Բլայի հաջողությանը։ Նա ապացուցեց իր համառությունն ու համարձակությունը։ Ժյուլ Վեռն»։
Հաղորդման երկրորդ հատվածում բոլորիդ հրավիրում ենք «Զարթուցիչի» հյուրասրահ․ ծանոթանալու ենք մեր նոր ընկերոջ՝ Արսենի հետ։ Բայց մինչև նրա հետ զրույցն սկսելը, մեկ հարց՝ բոլորիդ․ երբևէ մտածե՞լ եք ֆիլմ նկարելու մասին։ Վստահ ենք, շատերդ կասեք ՝ այո՛, մտածել եմ, բա՜յց․․․
Մեր այսօրվա հյուրը՝ Արսենը, մտածել է և ոչ մի «բայց» նրան չի խանգարել։ «Հոգվարդսը Հայաստանում»․ այս անունն է կրում ֆիլմը, որի սցենարի հեղինակը, ռեժիսորը, նկարահանողն ու օպերատորը Արսենն է։