Նոյեմբերի 2-ին Երևանում՝ Մերիդիան էքսպո կենտրոնում կայացավ «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության հայաստանյան 16-րդ պատանեկան առաջնության եզրափակիչ փուլը: Կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է։ Այս տարի մրցույթը կրում էր «Խելացի ռոբոտները արտակարգ իրավիճակներում» խորագիրը:
Թեման հատկապես արդիական է Հայաստանում և ամբողջ աշխարհում: Հայաստանում երկրաշարժերի, ջրհեղեղների և սողանքների վտանգը ընդգծում է աղետների արձագանքման ժամանակ առաջատար տեխնոլոգիական լուծումների անհրաժեշտությունը:
Մրցույթը ոչ միայն խթանում է նորարարությունը և գործնական խնդիրների լուծումը, այլև բարձրացնում է տեղեկացվածությունը ռոբոտաշինության կարևորության վերաբերյալ՝ աղետների դիմակայունությունն ու պատրաստվածությունը բարձրացնելու հարցում:
Ստացված 180-ից ավելի հայտերից մարզային փուլը հաղթահարել և առաջնությանը մասնակցել է 26 խումբ, որոնց ռոբոտները սիմուլացիոն դաշտի վրա կատարել են արտակարգ իրավիճակների ժամանակ առաջացող խնդիրներ ու առաջադրանքներ՝ օրինակ դեղատուփ են տեղափոխել, կրակ հանգցնել, հաղթահարել խոչընդոտներ և այլն։
«ԱրմՌոբոտիքս 2024» մրցույթի ավագ տարիքային խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի թիմը, երկրորդ տեղում Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի թիմն էր: Եռյակը եզրափակեց Այրումի միջնակարգ դպրոցի «Արմաթ» աշխատանոցի «Դևբեդ» թիմը:
Կրտսեր տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում Իջևանի թիվ 5 դպրոցի «Արմռոբոտ» թիմն էր, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի «Technominds» թիմը:
Ռադիոլաբի այս թողարկմանը զրուցել ենք Տավուշի մարզի Բերդ տարածաշրջանի «Արմաթ» աշխատանոցների տարածքային համակարգող Լևոն Միրզոյանի հետ, ով նաև կրտսեր տարիքային խմբում առաջին և երրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերի խմբավարն է:
Վերին Կարմիրաղբյուրի թիմի ավագը Արման Բաղդոյանն է, անդամները Վարդուհի Եսայանն ու Եվա Միրզոյանը: Ե՛վ թիմի, և ռոբոտի անունը «Ուտիք» էր: Ինչո՞ւ են ընտրել այդ անունը և ի՞նչ տեսք ուներ ռոբոտը, կպատմեն հենց երեխաները։