Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ ընտանիքում կորուստ կա․ հարազատ է մահացել, և երեխային պետք է այդ մասին տեղեկացնել, պատասխանել նրա հարցերին, ջրի երես հանել նրա տագնապներն ու, ի վերջո, սփոփել։ Այս մասին է զրույցը «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության զարգացման և բովանդակության մասով տնօրեն Լուսինե Աղաբեկյանի հետ։
Լ․ Աղաբեկյան — Թեմայի արդիականությունը, ցավոք սրտի, կապված է նաև այն իրականության հետ, որում ապրում ենք մենք․ վերջին տարիներին ունեցանք համավարակ, պատերազմ, հետպատերազմական շրջաններ, տարբեր խառը իրադարձություններ տեղի ունեցան, որի պատճառով, ցավոք սրտի, շատ երեխաներ կորցրեցին իրենց համար հարազատ ու նշանակալի մարդկանց։ Իհարկե, մինչև այդ էլ երեխաների կյանքում նման բան կարող էր լինել, բայց հիմա, ցավալիորեն, այդ երեխաների թիվն ավելի մեծ է։ Եվ մեզ այդ հարցը ամեն օր տալիս են․ «Ասե՞նք երեխաներին, թե՞ չասենք, ինչպե՞ս ասենք, ինչպե՞ս են իրենք ընկալում, արդյո՞ք ինչ-որ ազդեցություն իրենց վրա կունենա, թե՞ ոչ»։
Իրականում, ցանկացած տարիքում, եթե ընտանիքում երեխայի համար նշանակալի, կարևոր, մտերիմ մարդ է մահացել, անկախ նրանից՝ ինքը ո՞ր տարիքում է, իր հետ պիտի խոսենք սրա մասին։
Նախ կուզենայի սկսենք նրանից, որ անկախ այն բանից՝ երեխայի կյանքում կորուստ եղել է, թե՝ ոչ, լավ կլինի, որ մահվան մասին մենք խոսենք երեխայի հետ, որովհետև մոտ 5-6 տարեկանին մոտ երեխան արդեն հասկանում է, որ կյանքում կա մահ․ ինքը տեսնում է ընկնող, չորացող տերևներ, տեսնում է դրսում անշունչ կենդանիներ, և իր մոտ այդ հարցն առաջանում է։ Եվ եթե նկատել եք, հենց այս տարիքում երեխաները «մահ», «մահանալ», «մեռնել», «սատկեցնել» և նման բառերը հանգիստ օգտագործում են, ինչը նշանակում է, որ իրենք սկսել են առնչվել երևույթի հետ ու սկսել են հասկանալ՝ ինչ է դա նշանակում։
Շարունակությունը՝ զրույցում: