Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում։
Հայաստանի ներկայացուցիչներից միջազգային մրցաշարի հաղթողի կոչմանն ու ոսկե մեդալին արժանացել է ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը: Նույն զենքաձևում Նարեկ Հովհաննիսյանը զբաղեցրել է երկրորդ տեղն ու պարգևատրվել արծաթե մեդալով, իսկ Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանի խոսքով՝ հայ մարզիկների ելույթները գոհացնող են: Հայաստանի թիմում 8 մարզիկ է ընդգրկված եղել: Միջազգային մրցաշարին Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Կատարի և Թուրքիայի շուրջ 30 մարզիկներ են մասնակցել:
Այս օրերին ընթանում է նաև Հայաստանի սուսերամարտի պատանիների առաջնությունը: Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվեն տղաների և աղջիկների հավաքականները, որոնք դեկտեմբերի 11-14-ը Քութայիսի քաղաքում կմասնակցեն երիտասարդների և պատանիների առաջնությանը՝ խոցասուսեր, ճկասուսեր և թրասուսեր զենքաձևերում: