Օրը «բարևով» սկսելու, միմյանց, անկախ օրվա ժամից, բարևելու, ողջունելու սովորույթը ո՞վ կարող է ասել, թե երբվանից է դարձել մարդկային հաղորդակցական մշակույթի անբաժանելի մասը․ հարցի պատասխանը չունի ոչ ոք, բայց որ «բարևը», այսինքն՝ օրը բարիով ու լավ սկսելու մաղթանքն անհիշելի ժամանակներից է գալիս, հաստատ է։
Բարևով ենք սկսում մեր օրը բոլորս․ արթնացա՞նք՝ բարև՛, մա՛մ, պապ, ընտանի՛ք։ Ռադիոն միացրի՞նք՝ բարի օր բոլորիդ, ասում է Ռադիո Արևիկը, դուրս եկանք տնից ու հանդիպեցինք ընկերո՞ջը, դե, իհարկե՛, նախևառաջ՝ բարև՛, հետո նոր մնացած բոլոր նորություններն ու բլբլոցները։
Եթե ձեզ հետաքրքրեց, թե ինչու այս նախաբանով սկսեցինք մեր այսօրվա հանդիպումը, ապա տեղեկացնենք, որ այսօր Ողջույնի համաշխարհային օրն է, որն արդեն 51 տարվա պատմություն ունի։
Իսկ հիմա բոլորիդ հրավիրում ենք «Զարթուցիչ»-ի հյուրասրահ: Վիզուալ Հայաստան զարգացման հիմնադրամի նախաձեռնած «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթի մասին ձեզ պատմել ենք և մեր տարբեր հաղորդումներում ներկայացրել ենք հաղթող դպրոցներից մի քանիսը։ Այսօրվա մեր հյուրերը ևս մրցույթին մասնակցած հաղթող թիմերից են, որոնց շնորհիվ իրենց դպրոցը՝ Տավուշի մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը, այս ուսումնական տարին սկսեց՝ ունենալով երազած սմարթ-էկրանը։
Մեր հյուրերն են Տավուշի մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Նարինե Բոզինյանը, նույն դպրոցի տասներորդ դասարանցի Հայկազ Բեջանյանը և իններորդցի Հասմիկ Թամրազյանը: