Լուրեր

«Երևան 20 24». պրեմիերա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

Նոյեմբերի 23-ին և 24-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում առաջնախաղ էր: Վառ գույներով, պարային հարուստ համարներով, Երևանի մասին պատմող ու Երևանը գովերգող երգերով և, իհարկե, մեզ շրջապատող մարդկանց պատմություններով՝ բեմում «Երևան 20 24» մյուզիքլն է:

Բեմադրիչը Արթուր Սահակյանն է, երաժշտության և երգերի տեքստերի հեղինակը Քրիստ Մանարյանն է։ Ներկայացման գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ Քրիստ Մանարյանն առաջարկել է հանդիսատեսին հանձնել մի բեմադրություն, որի հիմքում կլինեն իր ստեղծագործությունները։ 

Երևանյան շնչով լցված բեմադրությունը սկզբում առանձնանում է մայրաքաղաքի կոլորիտային կողմերը ներկայացնելով։ Երկար տարիներ Հայաստանում չբնակված հայուհին ԱՄՆ-ից ժամանում է Երևան՝ ժառանգության հարցերով։ Պատմության զարգացումը սկսվում է հենց օդանավակայանից տաքսու վարորդների ՝ ուղևորին չկորցնելու համար մղվող համառ պայքարով։ Ինչպես հաճախ է լինում, ներկայացման գլխավոր հերոսուհին ևս, Հայաստան կարճաժամկետ եկած հայրենակիցների նման, իր ընկերներին,  բարեկամներին համոզում է տեղափոխվել ԱՄՆ։ Նա պատկերացում անգամ չուներ, որ Երևան այցը շուտով ճակատագրական է լինելու։  Նրա ամբողջ կյանքը փոխվում է 44-օրյա պատերազմին մասնակցած երիտասարդի հետ հանդիպմամբ։ Մի երիտասարդի, ով մեծ դժվարությամբ փորձում է հաղթահարել կորուստը, պատերազմի հետևանքները։ Եվ այդ հաղթահարման ճանապարհի գլխավոր լույսը դառնում է հենց ԱՄՆ-ից Հայաստան եկած հայուհին։ 

Ներկայացման ընթացքում կարմիր թելի պես անցնում էր սիրո ուժի գաղափարը, իսկ հաճախ հանդիպող դրվագներից էր ինչպես միմյանց, այնպես էլ Երևանին սեր խոստովանելը։

Ցուցադրել ավելի
Back to top button