«Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության զարգացման և բովանդակության մասով տնօրեն Լուսինե Աղաբեկյանի հետ այս զրույցը երեխաների վախերի մասին է․ այն վախերի, որոնք հատուկ են տարիքային տարբեր խմբերին։ Ի՞նչ է վախը, ի՞նչ դեր է հատկացված նրան մեր կյանքում, ինչպե՞ս սովորել հաղթահարել այն և վախի ինչպիսի՞ դրսևորումների դեպքում պետք է անհանգստանան ծնողներն ու օգնեն երեխային։
Լ․ Աղաբեկյան — Վախեր բոլոր տարիքներում են հանդիպում, բայց կարող ենք առանձնացնել տարիքային վախեր հասկացությունը։ Դրանք այն վախերն են, որոնք բնորոշ են տվյալ տարիքային խմբում գտնվող երեխաների մեծ մասին։ Այսինքն՝ երեխաներն այդ տարիքային շրջանում, հիմնականում, նորմալ է, որ այդ վախն ունենան։
Օրինակ՝ նորածնության շրջանում երեխաներն իրականում շատ վախեր չունեն․ հիմնականում իրենց համար կարող են վախենալու, խնդրային լինել կտրուկ բարձր ձայները, անսպասելի փոփոխությունները, այսինքն՝ անկայունությունն է ավելի շատ վախ առաջացնում։
1-3 տարեկանում արդեն կարող են նաև այլ վախեր առաջանալ, օրինակ՝ ցավից, դարձյալ՝ բարձր ձայներից, անսպասելի գործոններից, բժիշկներից, բժշկական սարքավորումներից, եթե անհաջող փորձառություն է եղել և, իհարկե, բաժանման վախն այս տարիքում կարող է լինել՝ մեծահասակներից, ծնողներից բաժանման վախը, որովհետև արդեն ավելի շատ են հասկանում բաժանման պահը։
Վախերի համար ամենաակտիվ տարիքը 3-6 տարեկանն է, երբ ամենաշատ վախերն ունեն երեխաները։ Հիմնական վախերի եռյակը՝ մթության, փակ տարածության և մենակության, բավականին սուր են արտահայտվում հիմնականում այդ տարիքում։ Քանի որ նաև երևակայությունը շատ վառ է զարգացած այս տարիքում, այդ վախերը բավականին ուժեղ արտահայտվածություն կարող են ունենալ, չթողնել, որ երեխան քնի, մենակ մնա և այլն։
Կրտսեր դպրոցական տարիքում այս վախերի մեծ մասն արդեն հաղթահարվում է։ Այս պահին շատ հաճախ տեսնում ենք մուլտֆիլմերից, ֆիլմերից, համակարգչային խաղերից եկող ինչ-որ վախեր։ Այս տարիքին նաև բնորոշ են դպրոցի հետ կապվածվախերը՝ խոսել լսարանի առջև, ի՞նչ գնահատական կստանա, ուսուցչի արձագանքը, ծնողների արձագանքը, նաև՝ մահվան վախը, որովհետև մահվան անդառնալիությունն են սկսում գիտակցել։
Դեռահասության շրջանում արդեն իրականում վախերի մեծ մասը հաղթահարված է լինում, բայց նույն մահվան վախը կարող է ավելի բուռն արտահայտվել, նաև այս տարիքում բնական աղետների հետ կապված վախեր կարող են լինել…
Շարունակությունը՝ զրույցում: