Այսօր միասին տեղափոխվելու ենք քնի, քնկոտության ու ձմռան խաղա՜ղ գիշերների աշխարհ: Ձմեռը մոտ է, ինչը նշանակում է, որ թեման արդիական է: Եվ այսպես մեր հարցը․ ո՞ր կենդանիներն են քուն մտնում ձմռանը և ինչո՞ւ, սա ենք պարզելու միասին։
Հիշո՞ւմ եք, մեզ դպրոցում ասում էին, որ արջերը ձմռանը շատ խորը քուն են մտնում: Ես օրինակ՝ պատկերացնում էի, թե ինչպես է շագանակագույն հսկան իր հարմարավետ որջում կուչ գալիս ու խռմփացնում մինչև գարուն։ Հետո այլ վարկածներ էլ լսեցինք, օրինակ, որ արջերը ոչ թե քնում այլ, պարզապես, ձմեռում են: Ի՞նչ է նշանակում սա: Հիմա նրանք քնո՞ւմ են, թե՞ ոչ: Ու եթե չեն քնում ինչո՞վ են զբաղվում ձմռան երկար ու ցուրտ երեք ամիսների ընթացքում: Իսկ բացի արջերից կա՞ն էլի կենդանիներ, որոնք նույնպես խորը քնում են, կամ ինչպես ասում են՝ ձմեռում են: Սրանք հետաքրքիր հարցեր են, որոնց պատասխանները կիմանանք հաղորդման ընթացքում։
Կենդանիների ձմեռային քնի հետ կապված միշտ էլ եղել են տարատեսակ պատմություններ, հեքիաթներ ենք լսել ու անգամ լեգենդներ: Օրինակ՝ ասում էին, որ ձկները ձմռանը սառչում են ջրում՝ վերածվելով սառցե քանդակների: Իսկ օձերը խորը քուն են մտնում, որ հանկարծ չկծեն դահուկորդներին: Ասում են, որ մեղուներն էլ, իբր, ձմռանը փաթաթվում են մեղրախորիսխի մեջ, ինչպես մենք վերմակի․․․ու քնում են: Բնության ու առհասարակ կենդանական աշխարհի ձմեռային քնի մասին առասպելների ու լեգենդների պակաս չկա, կարող ենք թվարկել՝ ինչքան ուզենք:
Բայց եկեք մենք էլ անկեղծ լինենք. ձմեռային ցուրտ ու մութ առավոտներին մեզնից ո՞վ չի երազել «ձմեռելու» մասին: Ինչ լավ կլիներ, չէ՞, թաքնվեինք տաք վերմակի տակ, անջատեինք զարթուցիչը և աչքներս բացեինք գարնան արևի առաջին շողերի հետ։ Բայց, ավա՜ղ, մարդիկ չունեն նման կենսակերպ, ինչքան էլ, որ դա ցանկալի լինի: Իսկ գուցե կենդանիներին իսկապես պե՞տք է այս քունը։ Կամ գուցե սա նրանց ձմեռային բոլոր դժվարություններից խուսափելու խորամանկ միջո՞ցն է: Հետաքրքիր է…
Եվ այսպես․․․ անտառում, դաշտում, լճում, կամ էլ գետնի տակ բնակվող կենդանական աշխարհի ո՞ր տեսակներն են ձմռան խորը քունը գերադասում ակտիվ կյանքից։ Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ։ Հարցերին պատասխանում է մեր լավ բարեկամ, կենսաբան Ալեքս Խառատյանը: