Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից 1985 թ.-ին և նշվում է աշխարհի տարբեր երկրներում։
Կամավորներն այն մարդիկ են, որոնք չեն զլանում իրենց ազատ ժամանակը ծախսել ուրիշներին օգնելու և հասարակությանն օգտակար լինելու համար։ Իսկ կամավորական աշխատանքի դաշտը ընդարձակ է ու բազմազան։
Մեր տարեկիցներից շատերն էլ ընդգրկված են տարբեր կամավորական շարժումներում և շատ օգտակար գործեր են անում հենց որպես կամավորներ։
Շնորհավորում ենք կամավորական աշխատանքների մեջ ընդգրկված բոլոր մարդկանց, նաև ձեզ՝ տղաներ ու աղջիկներ, եթե հասարակության համար անվարձահատույց օգտակար գործեր անելու ժամանակ եք գտնում։
Դեկտեմբերի 5-ը Ուոլթ Դիսնեյի ծննդյան օրն է։ Ամերիկացի կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, նկարիչ Ուոլթ Դիսնեյը ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 5-ին Չիկագոյում։
Մոտենում են սուրբ Ծնունդն ու Նոր տարին, և շատերիս համար այս տոները Դիսնեյի մուլտֆիլմերն ու ֆիլմերը դիտելու համար ամենասիրելի ժամանակն են, անգամ եթե դրանք այդ տոների հետ ամենևին կապ չունեն․ պատճառն այն պայծառ ու լուսավոր տրամադրությունն է, որոնք փոխանցում են Ուոլթ Դիսնեյի ստեղծագործությունները։
Իսկ Դիսնեյի ստեղծած առաջի՛ն հենց սուրբծննդյան մուլտֆիլմը, որն ավելի վաղ համարվում էր կորած, մոտ տասը տարի առաջ գտնվեց Նորվեգիայի հյուսիսում՝ Մու ի Ռանա քաղաքում գտնվող փոքրիկ գրադարանի ֆոնդի գույքագրման ժամանակ։ Հայտնաբերված ժապավենը Նորվեգիայի ազգային գրադարանի ղեկավարությունը հանձնել է Disney ընկերությանը։
«Դատարկ գուլպաները»․ այսպես է կոչվում սև-սպիտակ մուլտիպլիկացիոն ֆիլմը, որի գլխավոր հերոսը եղել Է Օսվալդ երջանիկ ճագարը: